Մինաս Ավետիսյանի որմնանկարներից երկուսը` «Հայկական հովվերգություն» եւ «Գորգ են գործում», կվերականգնվեն եւ կմնան Գյումրիում:
Կառավարությունն այսօր` հուլիսի 28-ին որոշում կայացրեց Գյումրու «Քարմշակմեքենա» ու «Էլեկտրատեխնիկական գործարան» ընկերությունների նախկին ճաշարանների շենքերում գտնվող որմնանկարները տեղափոխել եւ վերականգնել Գյումրու քաղաքապետարանի եւ «ԱԳ ԵՎ ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ-ի միջոցներով:
«Հայկական հովվերգություն» որմնանկարը (կոմպոզիցիայի 3 հատվածներ, բաղկացած 2 մասից) վերականգնելուց հետո ամրացնել Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, իսկ «Գորգ են գործում» որմնանկարը (5,75 մ x 3 մ)` Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 218 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված շենքի սրահում:
Այսպիսով` երկու որմնանկարներն էլ կմնան Գյումրիում:
Շիրակի մարզում դեռեւս կան Մինաս Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաեւ` այլ արվեստագետների կատարած մոտ երկու տասնյակ աշխատանք, որոնք վերականգնման կարիք ունեն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ եթե գտնվեն տնտեսվարողներ, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել եւ փրկել որմնանկարները, ապա կառավարությունը ընդառաջ կգնա եւ կընդունի համապատասխան որոշումներ, որմնանկարներն էլ կմնան Գյումրիում:




























