Հայաստանի կառավարությունն այսօր` հուլիսի 28-ին հաստատեց զոհված զինծառայողների ընտանիքին հատկացվող դրամական օգնության չափը: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի`յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին կտրվի 30 հազ. դրամ, եւս 20 հազ. դրամ` յուրաքանչյուր երեխայի համար: Այսպիսով, 2 երեխա ունեցող զոհված զինծառայողի ընտանիքը կստանա մոտ 70 հազ. դրամ դրամական օգնություն:
Նշենք սակայն, որ կառավարության պաշտոնական կայքէջում` e-gov.am ներկայացված որոշման նախագծում ու դրա բացատրագրում տրվում են այլ տվյալներ: Մասնավորապես` համապատասխան հոդվածը շարադրված է հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը՝ 24000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի համար՝ լրացուցիչ 12000 դրամ»: Նմանապես` բացատրագրում ոչ մի խոսք չկա այն գումարների մասին, ինչը հրապարակավ արտահայտեց սոցապ նախարարը:
Ամենայն հավանականությամբ` կառավարության պաշտոնական կայքէջում պահպանվել է որոշման հին տարբերակ:
Նախարար Ա. Գրիգորյանի տեղեկացմամբ` հանրապետությունում առկա են զոհված զինծառայողների 5100 ընտանիք, որտեղ հաշվառված են 5800 երեխա: Սակայն վերլուծությունը ցույց է տվել, որ 4500 երեխա ծնվել է 2000 թվականից հետո: Իրականում դրանք զոհված զինծառայողների հարազատներն են, այնինչ օգնությունը պետք է տրվի զինծառայողի ընտանիքին: Ճշտումներից հետո պետական օժանդակությունից կօգտվեն 1300 զոհված զինծառայողների երեխաներ:




























