Սխալ կլիներ ասել, որ մեր պաշտպանական համակարգին միայն անօդաչու թռչող սարքեր կամ հիմնականում անօդաչու թռչող սարքեր են անհրաժեշտ։ Այս մասին մարտի 31-ին՝ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHighTech 2022» միջազգային ցուցահանդեսի բացման օրը լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Դավիթ Սահակյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն մշակումները, որոնք կարող են բարձրացնել հայկական բանակի մարտունակությունը, կառավարության հետաքրքրությունների դաշտում են։ «Ցուցահանդեսին կարելի է տեսնել տարբեր տեսակի ապրանքներ, որոնց հանդեպ ՀՀ պաշտպանության նախարարության հետաքրքրությունը շատ մեծ է, ամեն ինչին հավասար նշանակություն է տրվում։ Եթե համեմատենք 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո անցկացված ցուցահանդեսները, ապա, ըստ մասնագետների, այսօրվա միջոցառումը էապես տարբերվում է նախորդներից։ Զարգացումն ակնհայտ է։

Նախ, ցուցահանդեսի շրջանակներում մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչ մշակումներ ունենք մենք ինքներս, այսինքն՝ ապրանքը ներկայացնել ներքին սպառողին։ Երկրորդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուցահանդեսը միջազգային է, ցանկանում ենք մեր գործընկերներին ներկայացնել այն, ինչ մենք կարող ենք առաջարկել։ Բացի այդ, միջոցառումը կարեւոր նշանակություն ունի ներդրումների ներգրավման տեսակետից»,- ասաց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հայաստանում բացվել է պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ ապրիլի 2-ը։ Ցուցահանդեսի նպատակը առաջընթացի, տեղական շուկայի ուսումնասիրման, ժամանակակից տեխնոլոգիաների եւ ծառայությունների առաջընթացի, գործընկերային հարաբերությունների հաստատման համար հարթակ ստեղծելն է։ Ցուցահանդեսին ներկայացված են պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները՝ սարքավորումներ, ցամաքային, ծովային եւ ավիացիոն համակարգեր։