Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ, NEWS.am–ը տեղեկացնում է ԱԽ քարտուղարի ֆեյսբուքյան էջից:
«Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Այս համատեքստում ներկայացրել եմ իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ:
Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ երկուստեք ընդծել ենք դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Քննարկել ենք կեղծ տեղեկատվության ռիսկերը և մանրամասն ներկայացրել եմ հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին: Հանդիպման վերջում պայմանավորվել ենք համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում»,– ասվում է հաղորդագրությունում:





























