Գերմանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 4 տղամարդու՝ կապված մանկական պոռնոգրաֆիայի տարածման խոշորագույն միջազգային հարթակին ներգրավվածության հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ վերոնշյալ հարթակը փակվել է անցյալ տարի:
Քննիչները նշում են, որ «BoysTown» կոչվող հարթակը, որն աշխատել է դարքնեթում («ստվերային ցանց»), ավելի քան 400 000 աշխտակից ուներ: Մանկապիղծներն այն օգտագործել են մանկական, հիմնականում՝ տղաների պոռնոգրաֆիա դիտելու եւ փոխանակելու համար: Հարթակը փակվել է 2021 թվականի ապրիլին:
Ֆրանկֆուրտի դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ կասկածյալները 41-65 տարեկան են: Նրանց անունները չեն բացահայտվում՝ երկրի՝ գաղտնիության կանոնների համաձայն: Նրանց մեղադրանք է առաջադրվել մանկական պոռնոգրաֆիայի արտադրության եւ տարածման, ինչպես նաեւ երեխաների նկատմամբ սեռական բռնության համար:
Երկու տղամարդ մեղադրվում է 2019թ. պոռնոգրաֆիա ստեղծելու համար: Նրանցից մեկը, ենթադրաբար, բռնաբարել է երկու երեխայի: Մյուսին հոկտեմբերին արտահանձնել են Պարագվայից, որտեղ նա բնակվելիս է եղել մի քանի տարի:
Երրորդ կասկածյալին մեղադրում են նրանում, որ նա հանդես է եկել որպես հարթակի ադմինիստրատոր եւ համակարգող, ինչպես նաեւ երկու երեխայի նկատմամբ սեռական բռնության համար: Դատախազները նշում են, որ չորրորդ տղամարդը եղել է հարթակի «ամենաակտիվ օգտատերերից մեկը»: Բոլոր չորսն էլ գտնվում են կալանքի տակ:





























