Օրերս մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակեց առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց՝ 2020 թվականին բանակցային ուժեղ դիրք ունեցող 9 սուպերմարկետների ցանցեր տիրապետել են մանրածախ առևտրի 53 տոկոսը։

Նշենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքի համաձայն՝ բանակցային ուժեղ դիրք ունեցող են համարվում այն առևտրային ցանցերը, որոնք ունեն 4 կամ ավելի առևտրային օբյեկտներ (ցանցեր), որոնց տարեկան հասույթը գերազանցում է ընդհանուր երեք միլիարդ դրամը։ Հայաստանում այդպիսի 9 առևտրային ցանցեր են գործում՝  «Երևան սիթի», «Նոր Զովք», «ՍԱՍ»,  «Կրպակ», «Ծիրան», «Էվրիկա», «ԷմՋի», «Պարմա» և «Քարֆուր»։

Ուշագրավ է, որ 2021 թվականին 9 խոշոր սուպերմարկետային ցանցերի մեջ ընդգրված են եղել 129 խանութներ, որոնցից 119-ը գտնվում են Երևանում (2016թվականին՝ 92)։ 2021 թվականին մանրածախ առևտի 71 տոկոսը կենտրոնացված է եղել մայրաքաղաքում։

Հայաստանի մարզերից միայն 5-ում են խոշոր առևտրային ցանցերը գործունեություն ծավալում, մասնավորապես՝ Արմավիրում (3 խանութ), Արագածոտնում (1 խանութ), Կոտայքում (2 խանութ), Գեղարքունիքում (3 խանութ) և Տավուշում (1 խանութ)։

Միաժամանակ մտահոգիչ է, որ 9 խոշոր առևտրային ցանցերը հիմնականում գործում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մասնավորապես՝ 119 խանութներից 39-ը կամ 33 տոկոսը տեղակայված է Կետրոնում, ինչը հանգեցրել է փոքր և միջին խանութների սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման։

Հատկանշական է, որ 2020 թվականի ընթացքում մանրածախ առևտի 81 տոկոսն իրականացվում է խանութների միջոցով։ Խոշոր առևտրային ցանցերի խանութների և մոլերի ճնշման տակ վերջին տարիներին շարունակաբար նվազում է սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, կրպակների և այլ առևտրային օբյեկտների մասնաբաժինը մանրածախ առևտրում։

Սուպերմարկետային ցանցերի առևտրային օբյեկտների զբաղեցրած տարածքների  92 տոկոսը վարձակալված է։ Այսինքն՝ հանրախանութի սեփականատերերը, քաղաքական և տնտեսական ռիսկերով պայմանավորված, խուսափում են իրենց ֆիրմայի անունով գրանցել տարածքները կամ նախընտրում են փող չներդնել անշարժ գույքի ձեռքբերման ուղղությամբ։

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է թողել Հայաստանի մանրածախ առևտրի վրա։ Մասնավորապես՝ 2020 թվականին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մանրածախ առևտուրը նվազել է 17,3 տոկոսով, իսկ խանութների առևտուրը կրճատվել է 16,5 տոկոսով։ Այս նույն ժամանակահատվածում 9 խոշոր առևտրային ցանցերի շրջանառությունը նվազել է ընդամենը 7 տոկոսով, այսինքն՝ ճգնաժամի ժամանակ սուպերմարկետներն էլ ավելի են ամրապնդել իրենց դիրքերը մանրածախ առևտրի ոլորտում։

Հանձնաժողովի ուսումնասիրության մեջ նշվում է, որ մանրածախ առևտի ոլորտում առևտրային ցանցերի դիրքի ամրապնդումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝

•             Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներն (ալյուր, շաքարավազ, բրինձ և այլն) իրենք են ներկրում,

•             Մատակարարներից պահանջում են լրացուցիչ զեղչեր, դեղադրման վճարներ,

•             Մատակարարված և վաճառված ապրանքների համար վճարումներն ուշացնում են,

•             Ինքնարժեքից ցածր գնով ակցիաներ են իրականացնում,

•             Մատակարարի հաշվին իրականացնում են չվաճառվող ապրանքի վերադարձը,

•             Սեփական բրենդն են առաջ մղում և այլն։

Կարգավորող օրենսդրության բացակայության պայմաններում՝ երկրում մանրածախ առևտի ոլորտը զարգանում է տարերայնորեն, որն էլ ավելի է ամրապնդում խոշոր սուպերմարկետների շուկայական իշխանությունը՝ մեծ վնաս հասցնելով փոքր և միջին խանութներին և մատակարարներին։

Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ 2019 թվականին ամբողջ աշխարհում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 25 տրիլիոն ԱՄՆ դոլար, որի 20 տոկոսը բաժին է ընկել 250 խոշոր առևտրային ցանցերին։ Հարկ է նշել, որ խոշոր առևտրային ցանցերը հիմնականում կենտրոնացված են հյուսիսամերիկյան և եվրոպական երկրներում։ Այսինքն՝ Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում խոշոր սուպերմարկետների մասնաբաժինը համաշխարհային միջինից մոտ 2,5 անգամ ավելի շատ է, ինչը անհանգստացնող երևույթ է։

Արամ Աճեմյան