Էդմոն Մարուքյանը փակ դռների հետեւում հանդիպելու, սուրճ խմելու փորձ ունի, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 2020 թվականի մայիսին ելավ եւ հանրությանը վստահեցրեց, որ Արցախի հարցով որեւէ անհանգստություն չուներ։ Հիմա ուզում է, որ նույն կերպ փակ դռների հետեւում հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ եւ հանրությանը ասենք, որ անհանգստություն չունե՞նք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի քննադատությունը, ով ասել էր, որ ընդդիմությունը սպասում է բանակցային գործընթացի ինչ-որ փուլի. որպեսզի հետո հայտարարեն, որ իրենք չգիտեն այդ մասին, ներգրավված չեն եղել եւ ավելի լավ տարբերակներ ունեն։
«Մենք հստակ ասել ենք՝ իշխանությունները պետք է Ազգային ժողովին, ամբողջ կազմին ներկայացնեն այն առաջարկների փաթեթը, որ ուղարկվել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, եւ այն պատասխանը, որն ուղարկել է Հայաստանը։ Որովհետեւ օդում հնչող հայտարարություններով, հստակեցնող հարցերին չպատասխանելով, օրինակ, այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանի իշխանություններն Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, որի պատասխանը դեռ հստակ չէ, իսկ գործողություններն այլ բանի մասին են վկայում, մենք այդ խաղին, այդ շոուին մասնակից չենք լինի։ Մեզ հստակ պատասխաններ են պետք, հանրությանը եւս հստակ պատասխան է պետք, որպեսզի հասարակությունը հասկանա, թե այս իշխանություններն ինչ են բանակցում, ինչ են ուզում, ինչպես են պատկերացնում Արցախի, Հայաստանի ապագան։ Եւ դրանից հետո հանրության համար պարզ կդառնա, թե ինչ է անում իշխանությունը»,- նկատեց պատգամավորը։
Նա նաեւ պատմեց ապրիլի 5-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքի ուղերձների մասին: «Այս հանրահավաքը հստակ ուղերձներ ունի: Այս հանրահավաքն ի պաշտպանություն Արցախի է, Արցախի Հանրապետության։ Այս հանրահավաքը ահազանգ է հանրությանը: Այս հանրահավաքը փորձ է ցույց տալու, որ Հայաստանում խաղաղությունը, որը պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը՝ ամեն գնով խաղաղությունը, ամեն տեսակի զիջումների գնով, անընդունելի է հանրության համար, եւ պետք է լինի արժանապատիվ խաղաղություն, պետք է լինի հստակեցված կանոններով եւ կարմիր գծերով խաղաղություն: Եւ այդ առումով այս հանրահավաքի նախաձեռնողների առնվազն մի կարեւոր մասն իր կյանքով եւ պայքարով ապացուցել է, որ հայրենիքը վեր է ամեն ինչից»,- ընդգծեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հանրահավաքի հայտարարումից անմիջապես հետո իրենք բազմաթիվ արձագանքներ են ստացել քաղաքական կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, անհատ հրապարակային գործիչներից։
«Եւ մեր գործընկերները պարզապես չեն հասցնում այս երկու օրվա ընթացքում կազմակերպել բոլոր հանդիպումները։ Սա ներկուսակցական հանրահավաք չէ: Եւ առաջիկայում պարզ կդառնա, որ սա շատ ավելի լայն բովանդակությամբ եւ հստակ պահանջներով հանրահավաք է»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքացիներին կոչ էր արել միանալ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին։




























