Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը լրատվամիջոցներից է իմացել: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սողոմոնյանը:
Նա նաեւ նշեց, որ երկրորդ նախագահն այժմ Հայաստանում չէ, հանգստանում է արտասահմանում, բայց թե կոնկրետ որտեղ, ում հետ եւ երբ կվերադառնա, Վիկտոր Սողոմոնյանը չնշեց: «Մասնավոր այց է` հանգստի նպատակով»,- ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը: Նա անպատասխան թողեց Ռ. Քոչարյանի կողմից նոր լրատվամիջոց ստեղծելու մասին հարցը:
Նշենք, որ լուրեր էին տարածվել, թե մինչեւ սեպտեմբեր քաղաքական նոր կուսակցություն է ասպարեզ իջնելու: «Իշխանություն-ՀԱԿ երկխոսության ու հնարավոր զարգացումների ֆոնին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, որոշել է նոր կուսակցություն ստեղծել: Նոր կուսակցությունը համախմբելու է Քոչարյանի համակիրներին ու բացահայտ սատարելու է Ռ. Քոչարյանին: Այն ստեղծվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:
Ավելին՝ ասվում է, որ Քոչարյանի կուսակցությունը հնարավոր է՝ ղեկավարի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը»,-գրել է «Հրապարակ»-ը: Թերթի հարցին, թե ճի՞շտ է, որ մինչեւ սեպտեմբեր կուսակցություն եք դեկավարելու, Վարդան Օսկանյանը բացասական պատասխան է տվել. «Դա ճիշտ չէ»:
Դիտարկմանը, թե ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է կուսակցություն բացում, Օսկանյանն ասել է. «Դե, էդ իրեն կհարցնեք, էլի: Ես չեմ բացում: Էդ կարող եք վստահ լինել»:




























