Միլենիալներն ու զումերները արդեն պատրաստ են վիրտուալ աշխարհում կյանքին: Համաձայն Deloitte-ի նոր ուսումնասիրության, տեսախաղերն ու սոցիալական ցանցերը արագորեն դուրս են մղում ավանդական բովանդակությունը եւ զվարճանքի հին ձեւերը, ինչպիսիք են հեռուստատեսությունը եւ կինոն: Վերլուծաբաններն այս տեղաշարժն ինտերակտիվությամբ են բացատրում՝ երիտասարդները հեշտությամբ են «կապվում» թվային տիեզերքներին, որոնց վիճակի եւ զարգացման վրա կարող են ազդել: Սա նշանակում է, որ շուտով ֆիզիկական իրականությունից հրաժարվելը հօգուտ վիրտուալի եւ ընդլայնվածի, բավականին պարզ քայլ կլինի բնակչության զգալի մասի համար, վստահ են փորձագետները, գրում է HighTech+-ը։

Deloitte-ի հայտարարությունների համաձայն՝ սմարթֆոնների, կոնսոլների եւ ԱՀ-ների համար նախատեսված տեսախաղերը դարձել են սպառողների կյանքի «հսկայական մասը»: Խաղերն անում են նույն աշխատանքը, ինչ կինոն ու սերիալները՝ դրանք զգայալան լիցքաթափում են առաջարկում օգտատերերին՝ օգնելով նրանց հանգստանալ կամ արտահայտել իրենց անհատականությունը ստեղծագործական հմտությունների եւ թվային ավատարների միջոցով: Ինտերակտիվ ժամանցի նկատմամբ հետաքրքրությունն աճում է ամենուր եւ բոլոր տարիքի մարդկանց շրջանում, սակայն Z եւ Y սերունդներն ամենից հաճախ են հետաքրքրված խաղերով:

Համաձայն խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման՝ ԱՄՆ-ում տղամարդկանց եւ կանանց ավելի քան 80 տոկոսը խաղում է տեսախաղեր, իսկ սմարթֆոնների սեփականատերերի կեսն ամեն օր ժամանակ է հատկացնում նման զվարճություններին։ Միջին հաշվով, զումերները եւ միլենիալները խաղում են շաբաթական 11-13 ժամ: Միեւնույն ժամանակ, X սերնդի խաղացողները՝ մարդիկ, ովքեր ծնվել են 60-ականների կեսերից մինչեւ 80-ականների սկիզբը, շաբաթական մոտ 10 ժամ են ծախսում տեսախաղեր վրա:

Ժամանցի թվայնացման միտումը լրացուցիչ խթանվում է վիրտուալ աշխարհներում լայնածավալ իրադարձություններով: Deloitte-ի կողմից հարցված խաղացողների մոտ 25 տոկոսն անցյալ տարի մասնակցել է առնվազն մեկ ներխաղային առցանց միջոցառման: Վերլուծաբանները նշել են, որ Fortnite-ում համերգները եւ նմանատիպ այլ միջոցառումները նկարագրությամբ ամենամոտն են մետատիեզերքին։

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին, ապա այս ոլորտը նույնպես աճի բարձր տեմպեր է գրանցում։ Սոցիալական ցանցերը վաղուց գրավել են խոշոր բրենդների ուշադրությունը, սակայն այժմ առաջատար ընկերությունները դրանք դիտարկում են որպես կարեւոր առեւտրային հարթակներ: Բովանդակության հոսքերը անհատականացված են ալգորիթմների միջոցով, որոնք սովորում են, թե ինչն է դուր գալիս օգտատերերին եւ նրանց տրամադրում համապատասխան բովանդակություն՝ ապրանքներն ու ծառայությունները խթանելու համար:

ԱՄՆ-ում հարցվածների 81 տոկոսն ասում է, որ ամեն օր օգտվում է սոցիալական ցանցերից, իսկ 59 տոկոսը օրական մի քանի անգամ այցելում է Instagram, Facebook կամ Twitter: Մանրածախ առեւտրի ոլորտում մեդիա ծառայությունները նույնպես ավելի ու ավելի գրավիչ են դառնում:

ԱՄՆ-ից հարցվածների կեսից ավելին (53 տոկոսը) եւ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու Ճապոնիայում ավելի քան մեկ երրորդը ասում են, որ իրենց փնտրած ապրանքների կամ ծառայությունների համար անհատականացված գովազդ են տեսնում սոցիալական ցանցերում: Բրազիլիայում այս թիվը ռեկորդային է՝ 72 տոկոս։