Բյուրականում հուլիսի 28-ին տեղի է ունեցել «Բազե» երիտասարդական ճամբարի երրորդ հերթափոխի բացումը։ Երիտասարդ ճամբարականներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ իր խոսքում նշել. «Նոր ոգի է թեւածում այս գեղատեսիլ անկյունում, եւ դա «Բազեի» ոգին է։ Ես ուրախ եմ, որ եւս 250 հայ երիտասարդ այս չորս օրերի ընթացքում հնարավորություն կունենա ինքնազարգանալու, ինքնաբացահայտվելու, հասկանալու համար սեփական դերը մեր հանրապետությունում, հասարակությունում, հասկանալու, որ միայնակ մարդը, միայնակ երիտասարդը ոչինչ անել չի կարող, հասկանալու համար, որ ձեր կողքին ապրում են ձեզ նման հայրենասեր հարյուրավոր նվիրված մարդիկ։ Ես վստահ եմ, որ ձեզ այս օրերին սպասվում են հետաքրքիր օրեր, հետաքրքիր բացահայտումներ, եւ իմ անձնական հորդորն ու խնդրանքը ձեզ. վայելեք այս հնարավորությունը՝ լինել շրջապատված հետաքրքիր մարդկանցով»:
Նշենք, որ «Բազե» ճամբարի երրորդ հերթափոխը խորհրդանշում է ՀՀ պետական դրոշի նարնջագույնը։ 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ հուլիսի 22-31-ը կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն Հայկական կարմիր խաչի ընկերության մասնագետների կողմից անցկացվող առաջին օգնության դասընթացներին։ Ճամբարի մասնակիցներին կուսուցանվեն ազգային երգեր, պարեր եւ խաղեր։
Կկազմակերպվի արշավ դեպի Ամբերդ, երիտասարդները կանցկացնեն նաեւ հետաքրքիր հանդիպումներով եւ ծանոթություններով լի հարուստ օրեր։
«Բազե» ճամբարն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։




























