Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների հետ պաբերական հանդիպումները ցույց են տալիս, որ նրանց որդիների մահվան գործերի բացահայտման հարցերում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, եւ մեղավորներին գտնելու ու պատժելու գործընթացը շարունակում է մնալ անընդհատ շրջապտույտի մեջ։ Հուլիսի 29-ին լրագրողնեևի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Տարբեր ժամանակներում բանակում խաղաղ պայմանաներում զոհվածների հարազատները, ովքեր Հայաստանի նախագահի հետ հանդիպել էին դեռ անցած տարվա հունվարին, փաստում են, որ որեւէ առաջընթաց իրենց որդիների մահվան բացահայտման գործերով չկա։ Նրանց անընդհատ սպասեցնում են՝ հավատացնելով, որ հանցագործությունները կբացահայտվեն, սակայն ապարդյուն։ Քննիչներն այդ մարդկանց հույս են տալիս, եւ նրանք, շատ հաճախ վստահելով վերջիններիս հավաստիացումներին, հաճախ էլ ֆինանասական միջոցների բացակայության պայմաններում փաստաբաններ չեն վարձում եւ շարունակում են հույսով սպասել, որ մի օր իրենց որդիների հանդեպ իրականացված հանցագործությունները կբացահայտվեն»,- նկատեց Ավետիք Իշխանյանը։
Ամփոփելով՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահն ընդգծեց, որ բանակում կատարված ողբերգական միջադեպերի չբացահայտումը հիմք է տալիս կարծելու, որ սա որոշ հրամանատարների պատժից հեռու պահելու որոշ շրջանակների փորձ է։
Նշենք, որ հունվարի 27-ի՝ հայկական բանակի 19-րդ տարեդարձի նախօրեին, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերից մի քանիսը, իրենց որդիների նկարները ձեռքներին, Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ լուռ ցույց էին արել՝ պահանջելով վերականգնել արդարությունը եւ բացահայտել իրենց որդիների մահվան իրական պատճառները։ Երկրի ղեկավարը մոտեցել էր իրենց, զրուցել եւ խոստացել, որ զինվորական դատախազին կհրահանգի զբաղվել հավաքվածների գործերի արդար քննությամբ։




























