ՌԴ Սմոլենսկի մարզում օգոստոսի 12-24-ը կկազմակերպվի Ռուսաստանի եւ Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների առաջին ուսումնագործնական վարժանքը։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, վարժանքն անցկացվում է «Հիշատակի հերթափոխ» համառուսաստանյան միջոցառումների շրջանակում, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը։ Հայրենական Մեծ պատերազմից անցել է ավելի քան յոթ տասնամյակ, սակայն մինչ օրս էլ Ռուսաստանի Դաշնության մարտադաշտերում առկա են չուսումնասիրված ու հանրությանն անհայտ եղբայրական գերեզմանատեղիներ։
Համատեղ որոնողական աշխատանքների նպատակն է գտնել մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ անհայտ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնելը։
Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հանձնարարությամբ` արդեն ուսումնասիրվել են Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի արխիվը, Հայրենական Մեծ պատերազմի ու Պատմության թանգարանում եղած փաստաթղթերը, ինչի արդյունքում հստակեցվել են հայկական զորամիավորումների մարտավայրերը։
Նշենք, որ համատեղ որոնողական աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ընթացիկ տարվա մայիսի 3-ին Մ. Պողոսյանի եւ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի միջեւ:




























