ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 29-ին Լոռու մարզ կատարած այցի շրջանակում Սպիտակ քաղաքում ծանոթացել է  «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերականգնվող Սպիտակի թիվ 1 դպրոցի շինարարության ընթացքին: Ինչպես NEWS.am-ին հայտնել են ՏԿՆ մամուլի ծառայությունից,  ծրագրի իրականացման ընթացքում տնտեսված գումարներից դպրոցի 2-րդ մասնաշենքի վերակառուցման համար հատկացվել էր լրացուցիչ 150 մլն դրամ` այսպիսով ամբողջացնելով ուսումնական հաստատության նորոգումը:

Փոխվարչապետին ներկայացվել է լրացուցիչ գումարով իրականացվող շինաշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի  եւ կավարտվեն մինչեւ նոր ուսումնական տարին: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է մշտական ուշադրություն դարձնել աշխատանքների որակին` հիշեցնելով, որ ծրագիրն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ: