Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության վարչության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանում հուլիսի 29-ին բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է անշարժ գույքի կառավարման վարչության աշխատասենյակում  գտնվող պահարանը փաստաթղթերով, չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը,  բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է վարչության ընդունարանում գտնվող պահարանը, որտեղ եղել են ոչ թե փաստաթղթեր, այլ` սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներ:

Նրա խոսքով` քաղաքապետարանում կարեւոր փաստաթղթերը չեն պահվում ընդունարանում` բոլորի համար հասանելի վայրում:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am, հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի մասին ահազանգը ստացվել է  հուլիսի 29-ին` ժամը 05.47-ին: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել` 06.12-ին: Ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատասենյակում պահարանը փաստաթղթերով: