Այս աշնանը լույս կտեսնի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի գիրքը, որը պատմում է Դոնալդ Թրամփի վարչակազմում նրա աշխատած տարիների մասին եւ առաջարկում է «կատարված գործարքների ու այդ ճանապարհին հանդիպած կերպարների չգունազարդված գնահատական»:
Broadside Books-ը հայտարարել է, որ Պոմպեոյի գրքի հրատարակումը նախատեսվում է նոյեմբերին։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում։
Պոմպեոն «ընթերցողներին կտեղափոխի կառավարության որոշումների ամենանվիրական սրբավայրեր եւ կբացահայտի այն պատմություններն ու ռազմավարական մտածողությունը, որն ընկած է Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Մեքսիկայի, Իսրայելի, Աֆղանստանի հետ հարաբերությունների առանցքային գործողությունների հիմքում»,- ասվում է հայտարարության մեջ։
58-ամյա Պոմպեոն հանրապետական է՝ Կանզասից, նա երեք ժամկետ ծառայել է Կոնգրեսում, մինչ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ին նրան նշանակեց Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, իսկ մեկ տարի անց՝ պետքարտուղար:





























