«Առավոտը» զրուցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ։ Նրան ուղղված հարցին, թե ինչո՞ւ էր նախորդ նախագահական ընտրւթյուններին անթաքույց սատարում Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին, Կճոյանը պատասխանել է, թե այնտեղ իր ընկերներն են, եւ ինքն այնքան լայնախոհ է, որ թեմի որոշ հոգեւորականների երբեք չի արգելել Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքներին մասնակցել։

Թերթի այն հարցին, որ իրեն հաճախ տեսնում են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես ՀՀԿ ոչ շարքային անդամների կողքին, սրբազանը պատասխանել է. «Ես այնտեղ եմ, ուր որ հարկն է»։

Կճոյանի խոսքով, «ինչ վերաբերում է ՀՀԿ-ին սատարելուն, այնտեղ իմ ընկերներն են, բոլոր նախագահներն իրենց որակները ցույց են տվել, ի՞նչ վատ է, որ այս նախագահի որակներին էլ ծանոթանանք։ Ես իրեն հավատում եմ, իր ճակատագիրը կապված է Արցախի եւ ազգային անվտանգության հետ։ Իմ համակրանքը նախագահի հանդեպ հստակ է, բայց դա չի նշանակում, թե մյուսների հանդեպ ատելությամբ եմ լցված»։

Լրագրողի դիտարկմանը, թե վերջերս ավելի շատ աժիոտաժ կա Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների շուրջ՝ վատ իմաստով, Նավասարդ արքեպիսկոպոսը պատասխանել է. «Դա արհեստական է, ուղղակի չեմ ուզում անուններ տալ, ենթադրությունների մասին բացահայտ ասելն էլ ոչ շնորհակալ գործ կլինի։ Գիտեմ, բայց չեմ խոսի այդ մասին։ Նպատակն էլ ոչ թե առաքելական եկեղեցին թույլացնելն է, այլ Առաքելական եկեղեցու անհատների դեմ է դա ուղղված, ընդ որում՝ ընդդիմադիր թեւից չի գալիս»։