«Հայոց աշխարհի» հետ հարցազրույցում հայաստանյան թեժ քաղաքական ամռան եւ առաջիկայում հնարավոր զարգացումների վերաբերյալ իր տեսակետները եւ գնահատականները ներկայացնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։

Լրագրողը հարցնում է. «Ի՞նչ ակնկալիք ունեք իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից. ի վերջո, ինչո՞վ կարող է այդ ամենը ավարտվել` նկատի ունենալով ձեր «ընդդիմադիր գործընկերների» առավելապաշտական նկրտումները»։

Պատասխան. «Բնականաբար ՀԱԿ-ի հետ երկխոսության գնալը իշխանությունների բարի կամքի դրսեւորում է, որը ես ողջունում եմ։ Միշտ ասել եմ` հասարակության երկփեղկվածությունը, ստեղծված առճակատման մթնոլորտը որեւէ մեկին որեւէ օգուտ չի բերում, եւ ժամանակն է ձերբազատվել իրավիճակը սրելու, երկրի ներսում թշնամու կերպար ստեղծելու, մեկը մյուսի հետ թշնամու լեզվով խոսելու կամ թշնամանք տարածելու գործելակերպից։ Գուցե ընդդիմությունն այսօր ծայրահեղ մոտեցումներ է դրսեւորում, բայց հուսով եմ, որ իրատեսությունը, ի վերջո, կհաղթի, եւ կկարողանանք լուծել հիմնական խնդիրը, որ մեր առջեւ դրված է` անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները վիճահարույց չլինեն, վստահություն ներշնչեն թե՛ մեր քաղաքացիներին, թե՛ միջազգային կառույցներին եւ դիտորդական կազմակերպություններին, կազմակերպական եւ իրավական ընթացակարգերը լինեն հրապարակային բաց եւ թափանցիկ։ Դրանից կշահի պետությունը, կշահի ժողովուրդը եւ հասարակությունը։ Կարծում եմ, սրա վրա պետք է կենտրոնանանք, սա դարձնենք երկխոսության հիմնական թեմա։ »

Հարց. «ՀԱԿ-ի ակտիվիստները սպառնում են գնալ «առճակատման», եթե իշխանությունը չընդունի հոկտեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերջնագիրը։ Հարց է ծագում. ո՞րն է զիջումների առավելագույն սահմանը, որին իշխանությունը պատրաստ է երկիրը հնարավոր ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու համար։

Պատասխան. «Զիջումները կարող են լինել տրամաբանության սահմաններում։ Ընդդիմությանն ընդառաջ կատարված որեւէ քայլ չպետք է ոտնահարի պետության շահերը. ոչ մեկին տրված չէ վտանգել ազգային անվտանգությունը կամ սպառնալիքի տակ դնել պետության շահերը` դրա իրավունքը մենք չունենք։ Կարծում եմ, նման բան տեղի չի ունենա` կգտնվեն երկուստեք ընդունելի լուծումներ, որոնք կտեղավորվեն ողջամիտ տրամաբանության շրջանակներում։ Քաղաքական երկխոսությունը տալիս է այդ հնարավորությունը՜։