Ապրիլի 12-ին Եգիպտոսի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որը քրեական պատասխանատվություն կսահմանի 18 տարին չլրացած անձանց միջեւ ամուսնությունների համար։ Այս մասին հայտնում է Daily News Egypt-ը։

Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ երեխաները հոգեբանական, մշակութային, մտավոր եւ ֆիզիկական առումով պատրաստ չեն պատասխանատվություն կրել ընտանիքի եւ երեխաների դաստիարակության համար՝ դա բացատրելով նրանով, որ անչափահաս ամուսնությունները «գրոհ են մանկության վրա»:

Օրինագիծը նախատեսում է, որ 18 տարին չլրացած անձի հետ ամուսնական պայմանագիրը չի կարող վավերացվել։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ պատիժ՝ առնվազն մեկ տարվա ազատազրկում եւ մինչեւ 200 000 եգիպտական ֆունտ (10 800 դոլար) տուգանք։ Ով դրդում է հանցագործության, նույն պատժին պետք է ենթարկվի։

Երեխան այս դեպքերում քրեական կամ քաղաքացիական-իրավական պատասխանատվության չի ենթարկվում, սակայն քրեական գործը ժամանակի ընթացքում չի դադարում։

Անչափահասների ծնողները, որոնք հովանավորել են ամուսնությունը, կորցնում են երեխայի խնամակալությունը։