Դանիայի կառավարությունը նախատեսում է ժամանակավորապես ավելացնել գազի արդյունահանումը Հյուսիսային ծովում գտնվող իր հանքավայրերում՝ Ռուսաստանից մատակարարումներից հրաժարվելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։

«Մենք սահմանափակ ժամանակով կավելացնենք բնական գազի արդյունահանումը Հյուսիսային ծովում»,- երեքշաբթի նրա խոսքերը մեջբերել է Reuters-ը։ «Մենք համոզված ենք, որ ավելի լավ է գազ արդյունահանել Հյուսիսային ծովում, քան գնել այն Վլադիմիր Պուտինից»,- հավելել է նա։

Բացի այդ, ինչպես հայտնում է Reuters-ը, Դանիայի կառավարությունը մտադիր է երկարաժամկետ հեռանկարում աստիճանաբար դադարեցնել գազի օգտագործումը՝ Ռուսաստանից վառելիքի մատակարարումներից անկախության հասնելու համար։