Վանաձորի Աղայան փողոցի շինարարական աշխատանքները չեն վերսկսվել, քանի որ ֆինանսական փոխանցում չի արվել շինարարությունն իրականացնող «ԱԱԲ պրոեկտ» ընկերությանը։
Նախօրեին հաղորդել էինք, որ վանաձորցիները փակել են Դիմաց թաղամաս բարձրացող ճանապարհը, քանի որ նախորդ տարի աշնանը սկսված Աղայան փողոցի շինարարարությունը դադարեցվել է, իսկ ճանապարհը անմխիթար վիճակում է, ինչն էլ դժվարություններ է առաջացրել երթեւեկության համար։
«Շինաշխատանքները չվերսկսելու հիմնական պատճառն այն է, որ Վանաձորը համայնքապետ չունի եւ ֆինանսական փոխանցման խնդիր կա այս պահի դրությամբ։ Մոտակա օրերին այդ հարցը կլուծվի (նկատի ունի Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն– հեղ.) եւ հույս ունենք, որ այլեւս որեւիցե խոչընդոտ չի լինի շինաշխատանքները իրականացնելու համար, խնդիրը կկարգավորվի:
Այդ ճանապարհը սուբվենցիոն ծրագրով պետք է կապիտալ վերանորոգվի։ Շինարարությունն իրականացնող «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը ասֆալտի մաքրման աշխատանքները իրականացրել էր, հիմա էդտեղ ճանապարհը գրունտային է, երթեւեկության ընթացքում փոշի է առաջանում։ Բնակիչները բողոքում էին, որ շինաշխատանքները երկարում են։ Շինարարությունը սկսվել էր 2021 թվականի աշնանից, ձմռանը աշխատանքները դադարեցվել էին, նախատեսվում է, որ մոտ ժամանակահատվածում պետք է շինաշախատանքները սկսվեն»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը։
Փոխմարզպետը հավելեց, որ բողոքի ակցիայի ընթացքում բնակիչների եւ շինարարների հետ համաձայնության են եկել, որ 15 օրվա ընթացքում շինարարությունն իրականացնող ընկերությունը պետք է աշխատանքները վերսկսի։
«Ինչ վերաբերում է փոշուն, ապա Վանաձորի համայնքապետարանը գոնե օրական երեք անգամ պետք է ջրցան մեքենայով ջուր ցանի»,– նշեց Հովհաննես Ավետիսյանը։
Վանաձորի բնակիչ Միքայել Շերմազանյանն էլ ընդգծեց, որ Աղայան փողոցը միակը չէ, որ այդ վիճակում է։ Վանաձորում ճանապարհների մեծ մասը անբարեկարգ վիճակում են։
«Կարելի է ասել, որ ամբողջ քաղաքում կարգին ճանապարհ չկա, բոլոր ճանապարհներին փոսեր կան, ահավոր վիճակ է, տեղեր կան, որ անանցանելի են։ Աղայանն էլ էդ վիճակին սարքեցին ու թողեցին, թոզը խեղդում է։ Իմ տունը Աղայան փողոցից մոտ 40 մետր բարձր է, բայց տան պատուհանները թոզի մեջ կորած են, պատուհանը բացում ես՝ խեղդվում ես։ Լվացքը փռում են, հետո ցեխոտ հավաքում։ Ճանապարհի վիճակի մասին էլ խոսելու չի. երեխաներին այդ ճանապարհով եմ դպրոց տանում, բերում, ես մեքենայի արհեստավոր եմ, գործ անողի գումար չեմ տալիս, բայց դժվարությամբ եմ մեքենան պահում, որովհետեւ անընդհատ մեքենայի մասերը փչանում են»,– պատմեց Միքայել Շերմազանյանը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերին փողոցից մի փոքր հատված ասֆալտապատել են, հետո դադարեցրել աշխատանքները։
«Հիմա խիճ են լցրել, որն էլ թոզ է բարձրացնում։ Մեքենան գնում է, հետեւից բան չի երեւում, ոնց որ մառախուղ լինի։ Դրա հետ մեկտեղ հարակից փողոցներում ջուր են քաշում, չենք կարողանում օգտվել այլ փողոցներից, ստիպված Աղայանով ենք երթեւեկում։ Աղայանը բանուկ փողոց է»,– նշեց Վանաձորի բնակիչը։
Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գոռ Բադյանը պարզաբանեց, որ ֆինանսական հատկացումներն արվում են ավագանու որոշմամբ։
«Ես չգիտեմ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն ինչ լիազորություններով օժտված կլինի, արդյո՞ք կկարողանա այդ խնդիրը լուծել, թե ոչ, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ վարորդներին խոստացել են, որ երկու շաբաթ հետո ինչ–որ գործողություններ են լինելու։ Թե ինչ հիմքով՝ չեմ կարող ասել։
Առանց ավագանու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ֆինանսական գործողություններ անել չի կարող։ Պետք է հասկանալ՝ գումարը որտեղից են տալու եւ ինչ ճանապարհով։ Ֆինանսական ցանկացած հատկացում պետք է ավագանու որոշմամբ լինի, որ հետո համայնքապետը ուղղի ինչ–որ նպատակի»,– ասաց ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում համայնքապետի ընտրության օրակարգով նիստ չի եղել։ Վարչական դատարանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։
Ազգային ժողովը, սակայն, շաբաթներ առաջ ընդունել է Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ինչի արդյունքում ըստ իշխանության՝ կլուծվի խոշորացված համայնքների կառավարման խնդիրը։ Օրենքով վարչապետին հնարավորություն է տրվում նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Վանաձորում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բարեկարգ ճանապարհներ





























