Հայաստանում հասարակության հետ մի շարք մանիպուլյացիաներ են արվում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայով, դրանցից մեկն այն է, որ եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը, ապա ամեն ինչ լավ կլինի, մարդիկ կսկսեն լավ ապրել, այս մասին Ազատության հրապարակում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ես ուզում եմ հարց հնչեցնել, թե առկա տնտեսական հզորությունների առումով, եթե նույնիսկ մի կողմ թողնենք պոտենցիալը, որտեղ Իրանը բազմակիորեն գերազանցում է Թուրքիային, արդյո՞ք իրանական տնտեսական պոտենցիալը չունի այն ամենը, ինչ կարող է, դիցուկ, Հայաստանին տրամադրել թուրքական տնտեսությունը։ Իհարկե, ունի։ Եթե հաշվենք էներգակիրների ոլորտը, Իրանն ընդհանրապես դուրս է մրցակցությունից մեր տարածաշրջանում առնվազն Թուրքիայի հետ ցանկացած հակադրության համատեքստում»,– ասաց նա։

Ըստ իրանագետի՝ գուցե ուղիղ չի ասվում, բայց իշխանությունները մարդկանց գիտակցության մեջ փորձում են ներդնել քարոզչական միֆը, ըստ էության թշնամական քարոզի էլեմենտը, որ եթե Թուրքիայի հետ կարգավորվեն հարաբերությունները, ապա ամեն ինչ շատ լավ կլինի, մինչդեռ նույն պահանջարկը կարող է բավարարել Իրանը։ «Հետևաբար հարց է ծագում՝ ինչո՞ւ անպայման Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով այն վտանգները, որոնք առկա են մեր տարածաշրջանում և որոնք բխում են հենց Թուրքիայից»։

Վարդան Ոսկանյանը նաև նշեց, թե ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվելուց հետ մարդիկ կսկսեն լավ ապրել։ Նա օրինակ բերեց Վրաստանը, որն այս պահին, նրա ձևակերպմամբ, անամպ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, սակայն որևէ մեկը չի կարող ասել, որ Թուրքիայի հետ համագործակցության արդյունքում միջին վիճակագրական վրացու կյանքը բարելավվել է։  Իրանագետը նաև նշեց, որ սահմանը փակել է ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան, հետևաբար՝ Թուրքիան պիտի բացի սահմանը։

Հաջորդ թեման, որի հարցում հայ հասարակությանը, ըստ Վարդան Ոսկանյանի, մոլորեցնում են, այն է, որ ավելի քան 80 մլն բնակչություն ունեցող Թուրքիան փորձում են ներկայացնել որպես մոնոլիտ պետություն։

«Այո՛, Թուրքիան գերտերություն է, տարածաշրջանային գերտերություն է, և սա չնկատողը կոպտագույն սխալ կգործի։ Բայց Թուրքիան այդքան էլ միատարր պետություն չէ։ Թուրքիան ունի բազմաթիվ ճեղքեր իր հասարակության ներսում՝ էթնիկական, դավանական առումով։ Քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության բավական մեծաթիվ հատվածը՝ բազմամիլիոն բնակչություն՝ բաժանված տարատեսակ քաղաքական հոսանքների միջև։ Արդյո՞ք այն, որ Թուրքիան 80 մլն է, ենթադրում է, որ մենք պետք է հանձնվենք։ Եթե 80 մլն–ը վճռորոշ դերակատարություն է, ապա հանձնվողը պետք է հանձնվի»,– ասաց նա։

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ քարոզչական մեկ այլ հնարք է նաև գործի դրվում, երբ մարդկանց շարունակ ասում են, որ պետք է հաշտվել իրողությունների հետ։ Նրա խոսքով՝  իրողությունների, իրականության հետ հաշտվելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդ արատավոր տրամաբանության, պետք է գոյություն չունենար, որովհետև երբ ստեղծվել էր Հայաստանի Հանրապետությունը, իրականությունն այնպիսին էր՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, պատերազմ և այլն, որ որևէ պետության ստեղծում, դարձյալ այդ ըստ արատավոր տրամաբանության, այդ պայմաններում չէր կարող լինել։

«Բայց այդ պետությունն ստեղծվեց, որովհետև տեղի ունեցավ մի կարևոր հանգամանք՝ ոչ թե իրականության հետ հաշտվեցին, այլ փոխեցին այդ իրականությունը։ Եվ ըստ էության, այո, մենք պետք է պատրաստ լինենք ազգովի, եթե կա 80 միլիոնանոց Թուրքիա և 3 միլիոնանոց Հայաստան, ապա յուրաքանչյուր հայ պետք է տասն անգամ ավելի աշխատի, քան դա անում են Թուրքիայում, որպեսզի մենք կարողանանք հաջողություն գրանցել։ Մեզ ի՞նչ են ասում, կրկին քարոզչական միֆ, պառկեք ձեր տներում, սահմանը կբացվի, և ամեն ինչ լավ կլինի։ Ոչ, այդպես չի լինելու, ցավոք այդպես չի լինելու։ Հետևաբար` այս համատեքստում ես կրկնվեմ՝ որևէ պարագայում չի կարելի հանձնվել, հուսալքվել, մտածել, որ մենք դատապարտված ենք։ Ոչ, և կրկին անգամ ոչ»,– ասաց նա։