Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 116 րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 25 րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, համաձայն որոնց Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշեց, որ 2021-ը մեկնարկել է լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմով եւ կովիդի համավարակով ի հայտ եկած տնտեսական անորոշություններով:

Սա հաշվի առնելով հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել  տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, հնարավորինս չեզոք հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում հարկադրված էր կապիտալ ծխսերի բարձրացման ճանապարհով հասնել տնտեսական ներուժի վերականգնմանը, զուգահեռաբար ապահովելով պետական պարտքի կայունությունը: Այդ ամենի արդյունքում արձանագրվեց 5,7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 3,2-ի դիմաց:

Փոխնախարարը նշեց, որ 2021-ի բարելավվել է հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14,5 տոկոսով: Դրա արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0.3 տոկոսով, հասնելով պատմական ամենաբարձր մակարդակ՝ 22,7 տոկոս: