Հունաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կիպրոսի   Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական Ֆրակցիա – Համագործակցություն կուսակցության ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ.

«Մենք դատապարտում ենք Թուրքիայի էթնիկ զտումների և նվաճողական քաղաքականությունը՝ վերահաստատելով մեր աջակցությունը հայ ժողովրդին:

Ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝  իր տեղն է զբաղեցնում մարդկության պատմության սև էջերի մեջ։

107 տարի առաջ թուրքերը հանցանք գործեցին մի ամբողջ ժողովրդի նկատմամբ: 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի  հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո, մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ մահապատժի ենթարկվեց՝  բնաջնջման արշավի ընթացքում:

Որպես Ժողովրդավարական Ֆրակցիա – Համագործակցություն կուսակցություն` դատապարտում ենք Թուրքիայի էթնիկ զտումների և նվաճողական քաղաքականությունը և վերահաստատում մեր, ինչպես նաև ողջ Կիպրոսի ժողովրդի աջակցությունը հայ ժողովրդին՝ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործում։

Անցյալ տարի, այս օրը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի նախագահի ու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի  կողմից ցույց տվեց ճանապարհը, որպեսզի, ի վերջո, քաղաքակիրթ մարդկությունը հստակ ուղերձ հղի առ այն, որ աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ ժամանակավոր շահերից դուրս  կա բարոյական և միջազգային իրավական կարգ, որը վեր է  անօրինական նպատակահարմարություններից, բայց նաև տարբեր խաղերից։

Այս օրը հանդիսանում է  ազգային ինքնամփոփման հնարավորություն նաև  հենց Թուրքիայի համար, որն Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո համաշխարհային քաղաքականության մեջ խաղում է «խաղաղարարի» դերը  և հավակնում է «խաղաղարարի» դերին:  Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան շարունակում է բռնազավթած պահել Կիպրոսի Հանրապետության տարածքի 37%-ը, Միջերկրական ծովի Արևելյան հատվածում հանդես   է գալիս որպես ծովահեն, ուժեղ ներկայություն ունի Սիրիայում և Լիբիայում ու   աջակցություն էր ցուցաբերել Արցախի դեմ ուղղված ադրբեջանական հարձակմանը։

Այսօր Թուրքիայի համար հնարավորություն է առերեսվելու միջազգային իրավունքի, ինչպես նաև համամարդկային և համընդհանուր սկզբունքների ու արժեքների հետ՝ հրաժարվելով իր ծայրահեղ վտանգավոր նվաճողական քաղաքականությունից»։