ՀԱԿ-իշխանություն երկխոսության ներկայացումը շատ ցածրորակ է, որեւէ բան չի խոստանում, անպտուղ համագործակցության վերականգնում է: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ  Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը իրար հետ համագործակցել են, օրինակ` երբ նա հանդիպում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կարեւոր հարցեր քննարկելու համար:

Պարույր Հայրիկյանը հիմքեր չունի կարծելու, թե այդ համագործակցությունից որեւէ բան կփոխվի:

Անդրադառնալով երեկ` օգոստոսի 2-ին, Ազատության հրապարակում Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը, թե երկխոսության շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը, նա նշեց. «Միջազգային հանրության այն ներկայացուցիչները, որ գոհունակություն հայտնեցին ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին, մեղմ ասած` տհաս են: Ցանկացած երկրում Սահմանադրությունն է սահմանում երկխոսության ամբիոնը եւ կարգը, եթե Սահմանադրությունը չի գործում, այդ դեպքում պետք է այլ ամբիոն ընտրես»,- ասաց Պարույր Հայրրիկյանը` հավելելով, որ  այստեղ մի հաջողություն կա` իշխանությունները արձանագրեցին, որ իրենք լեգիտիմ չեն, քանի որ նրա խոսքով «լեգիտիմ իշխանությունը պետք չուներ ամբիոններ ստեղծելու եւ շոուներ անելու»: