Եվրամիությունը, ըստ երեւույթին, մոտենում է ռուսական էներգակիրների ներմուծման արգելքին, ինչը վատագույն դեպքում տարածաշրջանի խորը տնտեսական անկման կհանգեցնի, կարծում է Barclays-ը:

Գերմանիան այս շաբաթ հրաժարվել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանից նավթի ներկրման արգելքին դիմակայելուց, գրում է The Wall Street Journal-ը:

ԵՄ-ն էներգակիրների մատակարարման հարցում մեծապես կախված է Ռուսաստանից, մասամբ՝ այն պատճառով, որ գազի ներմուծումը կազմել է Գերմանիայի մատակարարումների 55 տոկոսը 2021 թվականին եւ 40 տոկոսը՝ 2022 թվականի առաջին եռամսյակում: Այս ամսվա սկզբին Գերմանիան ակտիվացրել է բնական գազի մատակարարման խափանումների հետ կապված արտակարգ իրավիճակների պլանն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջեդ ռուբլով վճարել: Տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին խրախուսվեց կրճատել սպառումը եւ խնայել էներգիան:

Եթե ​​իրավիճակը վատթարանա, BMW-ի, Mercedes-Benz-ի եւ քիմիկատներ արտադրող BASF-ի երկիրը կարող է սկսել գազի ռացիոնալացումը, ինչը գործարանների աշխատանքի դադարեցման կհանգեցնի:

«Հոսքի [ցանկացած] սահմանափակում լրացուցիչ ճնշում կգործադրի էներգակիրների գների վրա եւ նույնիսկ կարող է ռացիոնալացման հանգեցնել: Ուստի մենք կարծում ենք, որ գազի հետ կապված խափանումը կարող են առնվազն երեք ձեւով ազդել եվրոյի գոտում աճի վրա»,- ասել է Barclays-ի գլխավոր եվրոպացի տնտեսագետ Սիլվիա Արդանան:

«Նախ, քանի որ էներգակիրների մեծ մասը ներկրվում է, բնական գազի գնի բարձրացումը բացասական կլինի առեւտրային շոկի առումով։ Երկրորդ, ֆիզիկական դեֆիցիտը կարող է սահմանափակել արտադրությունը: Երրորդ՝ գազի հոսքի խախտումը կմեծացնի անորոշությունը»,- ասել է նա:

Ռուսական էներգակիրների էմբարգոն, որն առանց նորմավորման մեծածախ գների կտրուկ աճի կհանգեցնի, եվրոգոտում «մեղմ ռեցեսիա» կառաջացնի: Դա կարող է հոլանդական գազի ֆյուչերսների մոտ 200 տոկոսով եւ նավթի գների 40 տոկոսով բարձրացման հանգեցնել: Մեկ տարում առեւտրի պայմանների շոկը կնվազեցնի իրական համախառն ներքին արդյունքը մոտ 1.3 տոկոսային կետով եւ կբարձրացնի գնաճը 1.4 տոկոսային կետով։

Եվրոգոտու ՀՆԱ-ն կարող է նվազել մինչեւ 5 տոկոսային կետով, եթե ռացիոնալացումն ուղեկցվի էներգետիկ էմբարգոյով:

«Այդպիսի խորը անկումը, ամենայն հավանականությամբ, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արձագանքի կհանգեցնի, որը կթեթեւացնի ամենավատ հետեւանքներից որոշները»,- ասել է Արդանյան: ԵԿԲ-ն, այնուամենայնիվ, մանեւրելու սահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ գնաճն արդեն իսկ գերազանցում է իր թիրախային ցուցանիշը

Barclays-ը հայտարարել է, որ երեք սցենարները ներառված չեն իր ընթացիկ կանխատեսումների մեջ, որոնք 2.4 տոկոս աճ են ենթադրում 2022 թվականին եւ 2.1 տոկոս աճ՝ 2023 թվականին: