«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ԱՄՆ չի մեկնել եւ հարազատ քույր էլ չունի: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ինքը մեկնել է ԱՄՆ` սեմինարների մասնակցելու, իսկ այդ մասին լուրը իբր հաստատել է նրա հարազատ քույրը:
«Ես հիմա Երեւանում եմ եւ կարող եմ ձեզ հետ հանդիպել, որ համոզվեք, որ ԱՄՆ չեմ մեկնել: Կարող եք դիմել ցանկացած անձնագրային սեղան, որ հայտնաբերեք, որ ես մեր ընտանիքի միակ երեխան եմ, ես ոչ հարազատ քույր ունեմ, ոչ հարազատ եղբայր»,- ասաց նա:
Ի դեպ, վերջին անգամ Անուշ Սեդրակյանը ԱՄՆ-ում եղել է վաղուց` գործնական նպատակներով, իսկ մոտակա ժամանակներս ԱՄՆ մեկնելու որեւէ հրավեր չունի:
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերից սկսվում են իր դասախոսական աշխատանքներն ու հավելեց. «Իմ աշխատանքը այնպիսի բնույթ ունի, որ ես չեմ կարող քաղաքը թողնել եւ գնալ»:
Հարցին, թե չի՞ պատրաստվում դատի տալ այդ լուրը հրապարակողին, նա արձագանքեց, որ այդ տւեղեկատվությունը չի վնասում իր արժանապատվությունը եւ նպատակահարմար չի գտնում դա անել: «Ինձ թվում է, որ թերթը այդ ինֆորմացիայով այնպիսի վնաս է հասցրել իրեն, որ կարիք չկա, որ ես իրեն դատի տամ»: Նա երաշխավորեց նաեւ, որ «Ազատ դեմոկրատներից» որեւէ մեկը չի մեկնել ԱՄՆ: «Ես դա գնահատում եմ շատ թեթեւ պրովոկացիա, սպասում են, թե ինչ արձագանք կլինի»,-նշեց նա:
Նշենք, որ այսօր «Իրավունք» թերթը լուր էր հրապարակել այն մասին, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը սեմինարների մասնակցելու նպատակով մեկնել է ԱՄՆ կամ, այլ կերպ ասած, Մարի Յովանովիչի երկիր: Ըստ թերթի, նույն լուրերի համաձայն` ասում են, որ Ա. Սեդրակյանի նմանօրինակ այցերի ցանկը շատանալու է, քանի որ առջեւում լուրջ զարգացումներ ու անհավանական սցենարներ են սպասվում: Թերթը գրում է, թե ընդամենը մեկ ամսից, ԱՄՆ մեկնող քաղաքական գործիչների թիվը կտրուկ կավելանա, քանի որ ամերիկյան դասընթացները դեռ նոր են սկսվելու: Թերթը գրել է, թե Ա.Սեդրակյանի արտերկրում գտնվելու փաստը հաստատել է նաեւ նրա հարազատ քույրը, ով, առանց ներկայանալու, ասել է. «Անուշը հիմա գնացել է արտերկիր՝ սեմինարների մասնակցելու»:




























