Սիրիան լրջորեն պատրաստվում է հարեւան Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցելությանը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը նախազգուշացրել է, որ Անկարան «վճռական պատասխան» կստանա, եթե Դավութօղլուն Դամասկոս ժամանի խիստ ուղերձով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ահմեդ Դավութօղլուն կլսի մեր տեսակետը թուրքական դիրքորոշման վերաբերյալ, որը հաշվի չի առնում ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ բնակիչների եւ Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող դաժան սպանություններն ու հանցագործությունները»,- Շաաբանի խոսքերն է մեջբերել սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիան իր ԱԳ նախարար Ահմեդ Դավիթօղլուին ուղարկելու է Դամասկոս, որպեսզի նա Անկարայի կոշտ վերջնագիրը փոխանցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Նա մտադիր է նախազգուշացնել սիրիական առաջնորդին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը կրկնելու վտանգի մասին»,-ասված է թուրքական ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ խրախուսել է Թուրքիայի նախաձեռնությունը:
Այսօր` օգոստոսի 9-ին, իրենց ներկայացուցիչներին Սիրիա ուղարկելու մասին հայտարարել են նաեւ Հնդկաստանը, Բրազիլիան եւ Հարավ-աֆրիկյան հանրապետությունը:




























