Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս` նախագահ Ասադին փոխանցելու Թուրքիայի վարչապետի ուղերձը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի ժամանակով 11-ին (Երեւանի ժամանակով 13։00) արդեն սկսվել է Ասադ-Դավութօղլու հանդիպումը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիան իր ԱԳ նախարար Ահմեդ Դավիթօղլուին ուղարկելու է Դամասկոս, որպեսզի նա Անկարայի կոշտ վերջնագիրը փոխանցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Նա մտադիր է նախազգուշացնել սիրիական առաջնորդին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը կրկնելու վտանգի մասին»,-ասված է թուրքական ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ խրախուսել է Թուրքիայի նախաձեռնությունը:

Սիրիական կողմը շեշտել է, որ Անկարան «վճռական պատասխան» կստանա, եթե Դավութօղլուն Դամասկոս ժամանի խիստ ուղերձով։