Հնագետները հայտնաբերել են Եվրոպայի պատմության մեջ ամենամեծ ցամաքային գիշատիչ դինոզավրի մնացորդները: Այս մասին հոդվածը հրապարակվել է PeerJ Life & Environment-ում։

Ուայթ կղզին գտնվում է Լա Մանշում՝ Անգլիայի հարավային ափին։ Սաութհեմփթոնի համալսարանի հնագետները հայտնաբերել են սպինոզավրիդների ընտանիքին պատկանող երկոտանի դինոզավրի քարացած ոսկորներ։

«Դա եղել է մեծ կենդանի, ավելի քան 10 մետր երկարությամբ, եւ, ըստ երեւույթին, ամենամեծ գիշատիչ դինոզավրը Եվրոպայում երբեւէ հայտնաբերվածներից: Ափսոս, որ ամբողջ տեղեկատվությունը փոքր ծավալի նյութերից է ստացվել»,- ասել է հետազոտության ղեկավար Քրիս Բարքերը:

Կղզու հարավ-արեւմուտքում գտնվող քարքարոտ ժայռերի մեջ հայտնաբերվել են ոսկորներ, այդ թվում՝ կոնքի եւ պոչի ողեր: 125 միլիոն տարվա վաղեմության Վեկտրիսի ձեւավորումը կրում է ծովի մակարդակի բարձրացման ժամանակաշրջանի հետքեր, երբ այս սպինոզավրիդները որս են արել ծանծաղ ջրերում ու ափերին: Քանի որ նոր տեսակը հայտնի է միայն փոքր քանակությամբ բեկորներից, այն դեռ չի ստացել պաշտոնական համակարգային անվանում։ Ոսկորների վրա տեսանելի են եղել լեշերի հետքեր, մասնավորապես՝ թրթուրները դրանց վրա մատի հաստության անցքեր են բացել։

Գտածոն հաստատում է այն վարկածը, որ սպինոզավրիդները ծագել եւ մի քանի տեսակների են բաժանվել Արեւմտյան Եվրոպայում:

Հետազոտողները հույս ունեն նյութի բարակ հատվածներ ձեռք բերել եւ ուսումնասիրել ոսկորների ներքին հատկությունները՝ դրանց աճի արագությունը եւ հնարավոր կենսաբանական տարիքը որոշելու համար: