Բալթիկ ծովի Բոտնիայի ծոցում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի միջեւ, անհայտ նյութի խոշոր արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին հինգշաբթի հայտնել է Շվեդիայի առափնյա պահպանությունը։

«Դեռ պարզ չէ, թե ինչ տեսակի նյութ է հայտնվել ծովում: Աղտոտվածությունը ծածկում է ծովի մակերեսը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի տնտեսական գոտիներում եւ գտնվում է Շվեդիայի ափից մոտ 10 մղոն հեռավորության վրա: Արտահոսքի մակերեսը մոտ 77 քառ. կմ է»,- ասված է հաղորդագրությունում։ Ֆիննական կողմն արդեն տեղեկացվել է դեպքի մասին:

«Աղտոտվածության մակերեսը կարելի է համեմատել Մալմյո քաղաքի հետ (Շվեդիայի երրորդ ամենամեծ քաղաքը)»,- միջադեպը մեկնաբանել է շվեդական Aftonbladet թերթը։

Շվեդիայի առափնյա պահպանությունը նմուշներ է վերցրել շվեդական ջրերում արտահոսքի վայրից: «Վերահսկողության եւ հետեւանքների մեղմացման միջոցառումները հնարավոր կլինի պլանավորել միայն նմուշների վերլուծությունից հետո»,- ասվում է զեկույցում։