Հայաստանը պետք է Ղարաբաղի ադրբեջանական նախկին բնակչության նկատմամբ նույնպիսի իրավական լուծումներ կիրառի, ինչպիսիք ժամանակին Ադրբեջանը կիրառեց Նախիջեւանի հայերի նկատմամբ: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մամուլի ասուլիսում:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է կրկին բարձրացնել Նախիջեւանի կարգավիճակի հարցը: «Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, Նախիջեւանը հանձնվել է Ադրբեջանին պրոտեկտորատի պայմաններով, այսինքն ոչ մշտական կառավարման: 1926թ. Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացրեց, որն արգելում էր այդ տարածքների բնիկներին վերադառնալ հայրենիք: Հայաստանը եւս կարող է նման որոշում կայացնել ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր ավելի վաղ ապրել են Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի, Հարավային կովկասում հակամարտությունների թնջուկը հնարավոր է լուծել զարգացման եվրոպական մոդելի կիրառման դեպքում: «Բազմամշակութայնության մոդելը չի արդարացնում իրեն Եվրամիությունում, իսկ  Հարավային Կովկասում ապրող ժողովուրդները մշակույթով եւ կրոնով իրար հետ չեն համընկնում»,- նշել է Շիրինյանը: Այդ պայմաններում առանձնացված միավորումները պետք է հռչակվեն անկախ պետություններ: «Խոսքը Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի մասին է: Դրա մեջ անսովոր ոչինչ չկա, քանի որ ցանկացած առանձնացված միավորում նպատակ ունի ի վերջո հասնելու անկախության: Հենց այդպես էլ ժամանակին անկախության հասավ ԱՄՆ-ը»,- նկատել է Շիրինյանը: