Այս տարի զգալիորեն ավելի քիչ է աղտոտված թռչունների քանակը, քան անցած տարի էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «BirdsLink Armenia» կազմակերպության նախագահ, Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը՝ անդրադառնալով արագիլների անկման մասին բնապահպանների ահազանգերին։
Բնապահպանները ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ահազանգում են, որ շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով Հայաստանում արագիլները անհետանալու սպառնալիքի տակ են հայտնվել։
Նախարարությունը Արմավիրի եւ Արարատի մարզերից է տվյալներ ստացել արագիլների աղտոտման եւ անկման վերաբերյալ։ Կարեն Աղաբաբյանի խոսքով՝ այս պահին հաշվառումներ են կատարում եւ միայն հաջորդ շաբաթ նախարարությունը կարող է ասել, թե քանի թռչուն է աղտոտված գտնվել եւ քանիսն են անկել։
«Մենք աղտոտված արագիլների նախնական հաշվառում ենք անում, որպեսզի հասկանանք, թե նրանցից քանիսն է մաքրլեու ենթակա։ Մաքրում ենք միայն այն թռչունները, որոնք աղտոտվածության պատճառով չեն կարողանում թռչել, որովհետեւ նրանց հնարավոր է բռնել, իսկ թռչող արագիլին բռնելը ժամանակատար է։ Եթե արագիլը կարողանում է թռչել, դա նշանակում է, որ նա կարող է սնվել գիշատիչներով, բնից թռչել կերակրվելու վայր եւ չվել։ Մեր մասնագետները կապի մեջ են այն գյուղացիների հետ, որոնք մեզ ասում են, թե որտեղ կան չթռչող արագիլներ, անհրաժեշտության դեպքում գյուղացիները նրանց պահում են, մինչեւ մենք կգնանք եւ կբերենք Երեւան, շուտով կսկսենք թռչուններին մաքրելու աշխատանքները»,- ասաց Կարեն Աղաբաբյանը։
Թռչունների մաքրման աշխատանքները Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացնելու է «BirdsLink Armenia» հասարակական կազմակերպության ու «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հետ։
Կարեն Աղաբաբյանի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ թռչունների աղտոտման հիմնական պատճառները երկուսն են՝ ձկան յուղը եւ ձեթը։ Ըստ նրա՝ 2019-ին եւ 2020-ին ձկան յուղի պատճառով անկած արագիլները ավելի շատ էին, հիմա աղտոտման եւ անկման պատճառ հանդիսանում է պահածոների արտադրամասերի թափոնները։
«Ձկան յուղի աղբյուր հանդիսանում են այն ձկնաբուծարանները, որոնք բազմացնում են թառափ եւ ունենում են թառափի մասսայական սպանդ։ Այդ մասսայական սպանդի ժամանակ ներքին օրգանները, որոնք իրենց համար թափոն են հանդիսանում, գցում են ջրանցքը, որը ճահճանում է, արագիլները գալիս են սնվելու եւ յուղը պատում է փետուրները։ Գնալով այս տիպի աղտոտումը քչանում է։ Պահածոների արտադրամասերը, որոնք ձեթը եւ նրանում եղած կերակրային մնացորդները թափոն են համարում, նետում են ոչ թե աղբավայրերը, այլ արարատյան դաշտում ցանկացած տեղ, ինչը արագիլների համար հանդիսանում է կեր, որով կերակրում են նաեւ ձագերին, եւ արդյունքում աղտոտվում են նաեւ ձագերի փետուրները։ Այդ պատճառով է, որ աղտոտված թռչունները արագիլների ձագերն են»,–ընդգծեց Կարեն Աղաբաբյանը։
Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատուն ասաց, որ նախարարությունը գործընկեր կազմակերպությունների հետ աշխատում է նման արտադրամասերի հայտնաբերման ուղղությամբ, որից հետո նրանց կպարտադրվի ունենալ թափոնների հաշվետվություն, որը կհամեմատվի արտադրական ծավալների հետ, եւ պարզ կլինի, թե ով է թափոնը սխալ ուտիլիզացնում։
«2020-ին մենք հայտնաբերեցինք, որ Մասիսի աղբավայրում խնդիր կա, ճիշտ է իրենք թափոնները հանձնում են, բայց աղբավայրը պատշաճ կերպով չի ուտիլիզացնում դրանք, այսինքն՝ հողով չի պատում թափոնները, ուղղակի լցնում է, որը արագիլների համար կեր է հանդիսանում եւ նույն աղտոտման պատմությունը կրկնվում է»,– ասաց Կարեն Աղաբաբյանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը ավելի վաղ սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ ուսումնասիրություններ էր սկսել։ Նախորդ տարի աշնանը, այն ժամանակվա նախարար Ռոմանոս Պետրոսյանը ամիսներ տեւած ուսումնասիրություններից եւ իրականացված աշխատանքներից հետո, հայտարարել էր, որ աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։
«Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների եւ նաեւ ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։ Գործ ունենք մասնավորապես համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման եւ հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։ Պետք է որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ։
Բնականաբար, կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։ Տեսչական մարմինը պետք է գործընթացներ մեկնարկի տնտեսվարողների գործունեության ապօրինությունները բացահայտելու, իսկ տարածքային ինքնակառավարման մարմինները համայնքային աղբավայրերում աղբահանության սահմանված կարգը պատշաճ իրականացնելու նպատակով»,– ասել էր Ռոմանոս Պետրոսյանը։
Այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց, Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատուից հետաքրքրվեցինք, թե այս ամիսների ընթացքում տնտեսվարողների մոտ ապօրինություններ հայտնաբերվե՞լ են, վարչարարություն կիրառվե՞լ է, ի պատասխան Կարեն Աղաբաբյանն ասաց.
«Ձկնաբուծարանների ու Մասիսի աղբավայրում կարգավորումներ եղան, նրանց նկատմամբ վարչարարություն կիրառվեց, դրա համար էլ հիմա ձկնաբուծարանները էլ չեն հանդիսանում աղտոտման պատճառ։ Մենք հայտնաբերել ենք մոտ 300 պահածոների արտադրամաս, որոնք կարող են նման թափոն ունենալ, ստուգումները իրականացվում են անցյալ տարվանից, հուսով եմ այս տարի ստուգումները կավարտվեն։ Տեսչական մարմինը պարտադրում է, որ ունենան թափոնների վերաբերյալ բնապահպանական հաշվետվություն, մենք պետք է այդ հաշվետվությունները ստանանք, համեմատենք անցած տարվա արտադրական ծավալների հետ, որ կարողանանք ինչ-որ եզրակացություն անել, բայց այդ կերպ նրանք կզգաստանան եւ կհասկանան, որ ավելի էժան է իրենց վրա նստում, երբ աղբավայրի հետ պայմանագիր են կնքում եւ տանում թափոնները հանձնում, քան տույժի ու տուգանքի են ենթարկվում»։





























