Մի քանի հասարակական կազմակերպություններ ցավակցական ուղերձ են հղել  պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:

Հայտարարությունն ամբողջությամբ ստորեւ.

«Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:

Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում եւ զորակցություն հայտնում բոլորին:

Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար:

Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Արժանապատիվ հայրենակիցնե՛ր,

Հուլիսի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում «հանկարծամահ» եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրեւ այլախոհ եւ ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ:

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական եւ կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որեւէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում: Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան եւ ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ 2 ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին  այն  արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան 1 տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո:

Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետեւանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաեւ ֆիզիկական եւ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:

Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը»:

 «Պահեստազորի սպաներ» շարժում

 «Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում

 «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ

 «Հայ ազգային գվարդիա» ՀԿ

 «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ

 «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» ՀԿ

 «Վերադարձ» հիմնադրամ