Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ իշխող կոալիցիայի բանակցությունների իմաստը հենց բանակցությունների մեջ է, իսկ տեղի ունեցող իրադարձության էությունը ոչ թե քննարկվող թեմայի, այլ բանակցային գործընթացի փաստի առկայության մեջ է: Այդ մասին օգոստոսի 18-ին կայացած ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկանդարյանի գնահատմամբ, բանակցությունների փաստն ինքնին արժեքավոր է թե կոալիցիայի, եւ թե ՀԱԿ-ի համար: «Այսինքն, ստատոս-քվոյի պահպանումը կոալիցիայի համար արժեքավոր է: Բացի այդ, բանակցային գործընթացը ողջունում են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, այդ թվում այն երկրներն ու կազմակերպությունները, որոնց կարծիքն արժեքավոր է մեր երկրի համար: Հետեւաբար, բանակցությունները կարեւոր են նաեւ իշխող կոալիցիայի համար: Այդ պատճառով բանակցությունների իմաստի պահպանումը, եւ ՀԱԿ-ի եւ կոալիցիայի միջեւ շփումների առկայությունը ինքնին արժեքավոր է»,-նշել է նա:

Ի հաստատում իր խոսքերի` քաղաքագետը օրինակ է բերել ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի` Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների ձերբակալումից հետո արված հայտարարությունը: «Ձերբակալվածների ազատ արձակման ժամկետների մասին Մուսինյանի հայտարարությունն այնքան էլ հավասարակշռված չէր, որի չկատարման դեպքում Կոնգրեսը սպառնում էր դուրս գալ բանակցային գործընթացից: Մինչդեռ գործընթացից ոչ ոք դուրս չեկավ, ձերբակալվածներից մի քանիսն ազատ արձակվեցին, մի քանիսն էլ մնացին մեկուսարանում: Այդպիսով գործընթացը քաղաքական դաշտից տեղափոխվեց իրավական դաշտ: Հետեւաբար, բանակցային գործընթացը արժեքավոր է ոչ միայն իշխանության, այլ նաեւ ՀԱԿ-ի համար, կան պատճառներ, որ Կոնգրեսը գերադասում է շարունակել գործընթացը: Դրանից կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ը ներկա պահին մտադիր չէ դուրս գալ գործընթացից եւ դեմարշ կազմակերպել»,- շեշտել է Իսկանդարյանը:

Եթե բանակցային գործընթացը չձախողվի, ապա Հայաստանը հնարավորություն ունի խորհրդարական ընտրություններից հետո հայ քաղաքական համակարգում մինի հեղափոխություն իրականացնել: Իսկանդարյանը պարզաբանել է, որ Հայաստանում ձեւավորվել է սովորույթ, ըստ որի` ընտրություններում պարտված կողմը չի ճանաչում ընտրությունների արդյունքները` սկսած 1995 թ.-ից: «Եթե գլխավոր ընդդիմադիր ուժը ընտրություններից հետո մտնի խորհրդարան, ապա, ամենայն հավանականությամբ, նա հնարավորություն կունենա հաղթահարել արգելապատնեշն ու կհամաձայնվի մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, ապա հենց դա էլ կդառնա հեղափոխություն»,- ասել է քաղաքագետը: