Ուրբաթ ամերիկյան, եվրոպական եւ ասիական բորսաները շարունակել են անկում ապրել: Morgan Stanley ֆինանսական ընկերության վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան շատ մոտ են ռեցեսիային: Բորսաները չեն հանգստանում նույնիսկ այն բանից հետո, երբ ամերիկյան դեֆոլտի մասին խոսակցություններն առժամանակ դադարեցին:
Անշուշտ` բորսայական առեւտրում անկումն ու վերելքը սովորական երեւույթ են, սակայն չի կարելի չնկատել, որ ներկա փուլում մենք գործ ունենք մի բավական լուրջ երեւույթի հետ, որը կարելի է անվանել` «global անվստահություն արժեթղթի նկատմամբ»: Այդ անվստահությունը սկսվեց 2008-09 թ.թ. գլոբալ ճգնաժամի արդյունքում եւ խորացավ ամերիկյան պարտատոմսերի դեֆոլտի հավանականության հետ կապված: Արժեթուղթը (ինչպես բաժնետոմսը, այնպես էլ պարտատոմսը) ամերիկյան ու եվրոպական տնտեսական համակարգերի ամենակարեւոր հենասյուներից մեկն է, ինչի շնորհիվ վիթխարի միջոցներ են հավաքագրվում եւ ուղղվում ներդրումների ֆինանսավորմանը: Պատահական չէ, որ հենց բորսայական ինդեքսներն են հանդիսանում արեւմտյան տնտեսական իրավիճակի հիմնական ինդիկատորը:
Ակնհայտ է, որ մենք գործ ունենք արեւմտյան տնտեսական համակարգի կառուցվածքային փոփոխությունների մեկնարկի հետ, որի հետեւանքով արժեթղթի դերակատարումը շեշտակի նվազելու է: Արժեթղթին, որպես ներդրումային ու պահուստային գործիքի, ամենայն հավանականությամբ կփոխարինի ոսկին: Ընդ որում` այս տրանսֆորմացիան Արեւմուտքի համար կընթանա բավական ցավագին:
Առաջին հայացքից` այս կառուցվածքային փոփոխությունները Հայաստանի տնտեսական համակարգի վրա էապես չեն ազդի թեկուզ այն պատճառով, որ առանց այդ էլ մենք կապիտալի շուկա չհասցրինք զարգացնել: Սակայն իրականում որոշ խնդիրների կբախվենք:
Առաջին` Կենտրոնական բանկի միջազգային պահուստների 80 տոկոսից ավելին արտասահմանյան թողարկողների արժեթղթեր են: ԿԲ-ն այդպես էլ անտեսեց հայ տնտեսագետների, այդ թվում` տողերիս հեղինակի խորհուրդները` դիվերսիֆիկացնել միջազգային պահուստները: Տեսությունը, որ ոսկին չի կարելի դիտարկել որպես ռեզերվային հուսալի ակտիվ, այլեւս հօդս է ցնդել, բայց մեր ԿԲ-ում շարունակում են առաջնորդվել ձախողված տեսություններով: Հետեւանքը` ՀՀ միջազգային պահուստների ռիսկայնությունն ավելացել է:
Երկրորդ` լուրջ ռիսկեր են առաջացել կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված, որոնք մեկնարկելու են 2014 թ.: Առաջարկվող տարբերակում կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները 2 հիմնական ուղղություն պետք է ունենան` արժեթղթերի ձեռքբերում եւ ավանդադրում բանկերում։ Ընդ որում` հիմնականը արժեթղթերի ձեռքբերումն է։ Ավելին` կենսաթոշակային ֆոնդին արգելվելու է միջոցները ներդնել ոսկու, թանկարժեք քարերի կամ անշարժ գույքի մեջ, քանի որ ըստ ՀՀ ԿԲ գնահատման՝ դրանք բարձր ռիսկայնությամբ ակտիվներ են։ Սակայն շուկայական ակտիվների ռիսկայնության չափը որոշելու հարցում ԿԲ կիրառած չափանիշներն ակնհայտ հնացել են։ Ոչ ոք չի պնդում, որ ոսկին ռիսկայնությունից զուրկ է, խոսքը ակտիվների նկատմամբ օբյեկտիվ չափորոշիչներ կիրառելու մեջ է։ Նույնը վերաբերում է նաեւ արժեթղթերին։ Օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրում պետական պարտատոմսերը դիտարկվում են որպես ամենահուսալի ակտիվ, անկախ նրանից՝ թե դա որ երկրի կառավարության պարտատոմսն է։ Այնինչ աշխարհը ներկայում չի վստահում նույնիսկ ամենահուսալիի համբավ ունեցող ամերիկյան պարտատոմսերին:
Եւ վերջապես երրորդ` Հայաստանի կապիտալի շուկան կարող է ընդհանրապես դուրս չգալ իր սաղմնային վիճակից, թեեւ այս ուղղությամբ հսկայական ջանքեր են գործադրվում:
Այսպիսով` միջազգային շուկաներում վերջին զարգացումները նոր ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար:
Սամվել Ավագյան




























