Սիսիան- Մեղրի ավտոմայրուղում 2 օր բողոքի ակցիա անցկացնող բեռնատարների վարորդները դադարեցրել են բողոքի ակցիան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարներից մեկի վարորդը` Վահեն:
«Երեկ մարզպետն է եկել, խոսել ենք, բացատրել ենք մեր խնդիրը, մեզ լսեց, ասաց որ վերեւներին կհասցնի մեր խոսքերը: Մենք հիմա բացել ենք ճանապարհը, դադարեցրել ենք բողոքի ակցիան, սակայն եթե հարցին լուծում չտրվի, կրկին կփակենք ճանապարհը»,-ասաց նա:
Սյունիքի մարզպետարանից էլ հայտնում են, որ ներկա պահին մայրուղում վերականգնվել է բնականոն երթևեկությունը.
«Երեկ կեսօրից մինչ այս պահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը գտնվել են Մ2 միջպետական մայրուղում և զրուցել բեռնատարի վարորդների հետ. ներկա պահին մայրուղում վերականգնվել է բնականոն երթևեկությունը»:
Հիշեցնենք, որ վարորդները նույն բողոքով ավելի վաղ փակել էին ավտոմայրուղին։ Բեռնատարների վարորդների հետ հանդիպել էր աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որին ներկայացվել է 4 կետից բաղկացած առաջարկ։
Հիշեցնենք՝ դեռ մայիսի 17–ին, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկել էր, որ տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերը փոխվել են։
Ըստ այդմ՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝ 25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։
4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով եւ որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր ռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։
3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։





























