Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային վերաբերող գործերով ոչ արդարացի, այլ քաղաքական որոշումներ է կայացնում, հինգշաբթի ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարն այս մասին հայտարարել է Անկարայի գերագույն վերաքննիչ դատարանում տեղի ունեցած նոր դատական տարվա բացման արարողության ժամանակ, հաղորդում է թուրքական T24 լրատվական կայքը։
Էրդողանի խոսքով՝ եվրոպացիները «քաղաքական դրդապատճառներով որոշումներ են կայացնում, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, բայց հակառակ որոշումներ են կայացնում, երբ խոսքը վերաբերում է Ֆրանսիային եւ Գերմանիային»։
Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ ՄԻԵԴ-ը մտահոգված է ոչ թե Թուրքիայի «դատական ատրիբուտների» ամրապնդմամբ, այլ օրենքը սեփական օրակարգի մեքենայի վերածելով։
Թուրքիան անտեսել է ՄԻԵԴ-ի վճիռները երկու աղմկահարույց գործերով՝ քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի եւ գործարար Օսման Քավալայի: 2017 թվականից անազատության մեջ գտնվող Քավալան ապրիլին դատապարտվել է ցմահ բանտարկության՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի՝ կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Դեմիրթաշը 2016 թվականից ահաբեկչության մեղադրանքով բանտում է։
ՄԻԵԴ-ը որոշել է, որ կալանքը խախտում է նրանց իրավունքները, եւ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Թուրքիան անտեսել է այդ որոշումները, չնայած այն հանգամանքին, որ իր սահմանադրության մեջ նշված է, որ ՄԻԵԴ-ի որոշումները երկրում օրենքի ուժ ունեն։
Դեկտեմբերին Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Թուրքիայի դեմ իրավունքների խախտման գործ է հարուցել՝ կապված Անկարայի կողմից Քավալային անհապաղ ազատ արձակելու 2019 թվականի ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու հետ:
Թուրքիան ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ունի ավելի քան 15 000 դիմում, որը երկրորդ ցուցանիշն է Ռուսաստանից հետո, ընդ որում գործերի մեծ մասը վերաբերում է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո իրավունքների ոտնահարման պահանջներին, հաղորդում է թուրքական Deutsche Welle-ն:
ԱՄՆ-ում գործող World Justice Project միջազգային կազմակերպությունը 2021 թվականի Օրենքի գերակայության ինդեքսում Թուրքիային դասել է 117-րդ տեղում՝ 139 երկրների շարքում:





























