Ղրղըզստանի նախկին նախագահ Ռոզա Օթունբաեւան ճգնաժամի մեջ գտնվող Աֆղանստանում ՄԱԿ-ի նոր հատուկ բանագնաց է նշանակվել։ Նշանակման մասին ուրբաթ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է AP-ն։
Օթունբաեւան Աֆղանստանում ՄԱԿ-ի քաղաքական առաքելության ղեկավարի պաշտոնում փոխարինել է կանադուհի Դեբորա Լիոնսին: Նա պատասխանատու կլինի ՄԱԿ-ի մարդասիրական օպերացիաների եւ երկրի ղեկավարների՝ թալիբների հետ փոխգործակցության համար:
Գուտերեշի խոսքով՝ Օթունբաեւան ավելի քան 35 տարվա մասնագիտական փորձ ունի առաջնորդության, դիվանագիտության, քաղաքացիական ներգրավվածության եւ միջազգային համագործակցության ոլորտներում։ Նա Ղրղըզստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2010-2011 թթ», երեք անգամ եղել է արտաքին գործերի նախարար, եղել է պատգամավոր եւ փոխվարչապետ։ Նա նաեւ եղել է Ղրղըզստանի դեսպանն ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում:





























