Շրի Լանկայի պաշտոնանկ արված նախկին նախագահ Գոտաբայա Ռաջապակսան, որը յոթ շաբաթ վտարանդի լինելուց հետո վերադարձել է երկրի տնտեսական ճգնաժամի պատճառով բողոքի ցույցերի ֆոնին, կարող է դատարանի առաջ կանգնել՝ ակտիվիստների հարկադիր անհետացման հետ կապված՝ այժմ, երբ նա զրկված է սահմանադրական անձեռնմխելիությունից, գրում է AP-ն։

Ռաջապակսան ուրբաթ կեսգիշերին մոտ Թաիլանդից ժամանել է Կոլոմբո եւ զինվորական հսկողության ներքո ուղեկցվել մայրաքաղաքի իր նոր տուն:

Նա չունի չավարտված դատական գործեր, քանի որ որպես նախագահ պաշտպանված է եղել սահմանադրական անձեռնմխելիությամբ: Նրա դեմ հարուցված կոռուպցիոն գործը, երբ նա ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա էր, կարճվել է 2019 թվականին ընտրվելուց անմիջապես հետո։

Սակայն հաջորդ շաբաթ Ռաջապակսան կստանա գերագույն դատարանի միջնորդությունը, որտեղ կվիճարկվի նրա անձեռնմխելիությունը երկու երիտասարդ քաղաքական ակտիվիստների հարկադիր անհետացման գործով ցուցմունք տալու համար, ասել է փաստաբան Նուվան Բոպաժը, որը ներկայացնում է զոհերի ընտանիքներին: Նա հայտնել է, որ Ռաջապակսան փախել է երկրից, երբ հուլիսին նրան պետք է դատարան ներկայանալու ծանուցում տային:

Անհետացումները տեղի են ունեցել 12 տարի առաջ՝ երկրում երկարատեւ քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ Ռաջապակսան պաշտպանության նախարարության հզոր պաշտոնյա էր՝ ավագ եղբոր նախագահության օրոք։

Այն ժամանակ Ռաջապակսան մեղադրվում էր առեւանգման ջոկատներ ղեկավարելու մեջ, որոնք տանում էին ապստամբության մեջ կասկածվողներին, քննադատաբար տրամադրված լրագրողներին եւ ակտիվիստներին, որոնցից շատերին այլեւս երբեք ոչ ոք չի տեսել։