Ճապոնիայի հյուսիսում գտնվող ծերանոցներից մեկում որոշել են հետաքրքիր դարձնել իրենց բնակիչների կյանքը եւ աշխատանքի ընդունել մինչեւ երեք տարեկան երեխաների, հայտնում է CNN-ը։

«Աշխատակիցների» պարտականությունների մեջ մտնում են շփումը տարեցների հետ, որոնց, ըստ տնօրենի մտահղացման, փոքր երեխաները պետք է ուրախացնեն եւ դրական հույզեր առաջացնեն։

«Աշխատանքի» գնացող նորածիններին ճկուն գրաֆիկ են խոստանում, նրանք ցանկացած պահի կարող են գալ թոշակառուների մոտ։ Երեխաներին խոստանում են ապահովել արհեստական սննդով եւ տակդիրներով, իսկ մայրերին թեյ կամ սուրճ եւ աղանդերներ կառաջարկեն։

«Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սովորաբար շատ չեն խոսում, քիչ են ժպտում կամ քիչ են շարժվում, հենց որ տեսնում են նորածիններին, նրանց դեմքի արտահայտությունն ավելի ուրախ է դառնում»,- ասել է սոցիալական հաստատության տնօրեն Հոնդո Քիմիեն։

Թափուր աշխատատեղերի հայտարարությունները ծերանոցի աշխատակիցները փակցրել են մոտակայքում, եւ դրանց ավելի քան 30 ընտանիք է արձագանքել: