Արտաքինից գրավիչ մարդիկ սովորաբար խելացի եւ պատասխանատու են համարվում, եւ այս էֆեկտը, ըստ նոր հետազոտության հեղինակների, բացատրում է, թե ինչու ենք մենք «գեղեցկությունից կուրանում», գրում է Current Psychology-ը։
Համարվում է, որ սովորական մարդն անծանոթի դեմքի գեղեցկությունն ընկալում է մոտ 100 միլիվայրկյանում. նման արագ արձագանքը ժամանակին կարեւոր էվոլյուցիոն առավելություն է դարձել, որը հեշտացրել է մեր հեռավոր նախնիների կյանքը: Ֆիզիկական գրավչությունը սովորաբար փոխկապակցված է առողջության հետ, ինչը կարեւոր է սոցիալական փոխազդեցությունների լայն շրջանակի համար, բայց այն բանում, թե ինչպես է ուղեղը գեղեցկությամբ գնահատում ուրիշ մարդկանց, կան որոգայթներ:
Նոր հետազոտության հեղինակները լայնածավալ փորձ են անցկացրել գրեթե հիսուն երկրների 11 հազար մարդկանց շրջանում։ Կամավորներին առաջարկվել է գնահատել լուսանկարներում պատկերված մարդկանց (60 տղամարդ եւ 60 կին) ըստ մեկ պատահական չափանիշի, մասնավորապես՝ գրավչությամբ, ագրեսիվության մակարդակով, պատասխանատվությամբ, խելքով, ստորություն գնալու ունակությամբ, մարդամոտության մակարդակով, հուսալիությամբ, տարօրինակությամբ, եւ այլն։
Պարզվել է, որ գրավչությունը դրականորեն է փոխկապակցված բոլոր անձնային բնութագրերի հետ, որոնք համարվում են սոցիալապես ցանկալի, եւ, համապատասխանաբար, բացասաբար է փոխկապակցված անցանկալիների հետ: Գրավիչ դեմքերը, ինչպես ցույց է տվել փորձը, սովորաբար կապված են բարձր ինտելեկտի, հուզական կայունության, մարդամոտության եւ պատասխանատվության հետ, եւ արդյունքում դրանց տերերը ինքնաբերաբար համարվում են բոլոր դրական հատկությունների կրողներ։





























