Իտալիայում հնագետները մոտ 7000 տարեկան երեք փայտե մանգաղ են հայտնաբերել, հայտնում է «N+1»-ը։

«Գյուղատնտեսական» գործիքները մարդը ստեղծել է նախքան ինքը կտիրապետեր գյուղատնտեսությանը: Առաջին մանգաղները հայտնվել են մինչեւ վերջին սառցե դարաշրջանը՝ ավելի քան 23 000 տարի առաջ, այնուհետեւ դրանք օգտագործվել են վայրի բույսեր հավաքելու համար, որոնցից շատերը հետագայում տնային են դարձել:

Պիզայի համալսարանից Նիկոլո Մացուկոն եւ այլ երկրներից նրա գործընկերները լավ վիճակում երեք փայտե մանգաղ են գտել Լա Մարմոտայի հնագիտական վայրում: Այն թվագրվում է վաղ նեոլիթյան դարաշրջանին՝ 7570-7165 տարի առաջ, երբ մարդիկ նոր էին սկսում որսորդությունից եւ հավաքչությունից անցնել գյուղատնտեսությանը: Մանգաղները հայտնաբերվել են անցյալ տարիներին, բայց նախկինում չեն ուսումնասիրվել:

Պալեոբուսաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ երկու մանգաղի վրա առկա են ցորենի եւ գարու միկրո մնացորդներ: Սա վկայում է, որ գործիքներն օգտագործվել են հացահատիկի բերքահավաքի համար։ Երրորդ մանգաղի վրա հետազոտողներն անսպասելիորեն շատ ծաղկափոշի են հայտնաբերել Oenanthe ցեղի բույսերից: Դրա որոշ տեսակներ բուժիչ կամ հոգեակտիվ ազդեցություն ունեն։