Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը անհանգստացած է, որ Սեուլը կարող է կորցնել իր բնակչության կեսը։

The Street-ը գրում է, որ Մասկի անձը շատ ավելի հեռուն է գնում գործարար շրջանակների սահմաններից: Նա միջամտում է բոլոր հարցերին, որոնք առնչվում են մոլորակին՝ անկախ այն երկրներից, որտեղ դրանք գտնվում են։

Մասկը, որը Twitter-ում գրեթե 105 միլիոն հետեւորդ ունի, նախազգուշացրել է Հարավային Կորեայի բնակչության շարունակական նվազման մասին: Նրա խոսքով՝ Սեուլը իր բնակչության կեսը կարող է կորցնել։

Ամեն ինչ սկսվել է Twitter-ում կիբեռանվտանգության իտալացի հետազոտող Անդրեա Ստրոպայի հաղորդագրությունից, որտեղ հիշատակվում է նորածին ունեցող յուրաքանչյուր ընտանիքին ամսական 1 միլիոն վոն (մոտ 700 դոլար) նպաստ տալու մասին Հարավային Կորեայի կառավարության որոշումը՝ որպես աշխարհում ամենացածր մակարդակին հասած ծնելիության բարձրացումը խրախուսելու երկրի վերջին նախաձեռնության մաս։

«Հետաքրքիր քայլ է»,- գրել է Ստրոպան՝ մեկնաբանելով այս հարցի վերաբերյալ Bloomberg-ի հոդվածը:

Մասկն անմիջապես արձագանքել է։ «Սա կարեւոր է»,- նշել է աշխարհի ամենահարուստ մարդը: «Հարավային Կորեան ներկայումս յուրաքանչյուր սերնդի ընթացքում իր բնակչության մոտավորապես կեսին կորցնելու ճանապարհին է: Կյանքի երկար տեւողությունը քողարկում է խնդրի սարսափելի բնույթը»:

Ստրոպան կասկածի տակ է դրել ֆինանսական օգնության արդյունքները՝ նշելով, որ նմանատիպ նախաձեռնությունները մեծ ազդեցություն չեն ունեցել այլ երկրներում: