Թերթը գրում է, որ Ֆուտզալի ՀՀ չեմպիոն Երեւանի «Էրեբունի» ակումբը օրեր առաջ վերադարձել է Կիրպրոսից, ուր մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության որակավորման մրցաշարին: Երեւան չի կարողացել վերադառնալ ակումբի նախագահ Արման Այվազյանը: Վերջինս ձերբակալվել է Կիպրոսում`կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով:  «Այս փաստը երեկ մեզ հետ զրույցում հաստատեցին Հայաստանում Կիպրոսի դեսպանատան աշխատակիցները:

Դեսպանատան մեր աղբյուրները տեղեկացրին նաեւ, որ իրենց հասած լուրերի համաձայն, խոսքը բանկային կեղծ քարտերի օգտագործման մասին է, եւ չի բացառվում, որ տվյալ գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվեն այլ հայաստանցիներ եւս: Առայժմ հայտնի չէ, թե ում մասին է խոսքը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուները միջադեպը համարում են մասնավոր դեպք, ինչը կապ չունի ֆուտբոլի հետ, սակայն ստվեր է գցում ֆեդերացիայի աշխատանքի վրա: Նշենք, որ սա նմանօրինակ առաջին դեպքը չէ: «էրեբունի» ակումբի աշխատակիցների եւ ֆուտբոլիստների հեռախոսները վերջին օրերին անջատված են»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: