Արժույթի միջազգային հիմնադրամը ուղիներ է փնտրում պարենային ապրանքների գների շոկին բախված երկրներին ֆինանսավորում տրամադրելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Պլանը, որի մասին ավելի վաղ չէր հայտարարվել, կներկայացվի երկուշաբթի խորհրդի ոչ պաշտոնական նիստին։

Դա թույլ կտա ԱՄՀ-ին օգնել Ուկրաինային եւ տուժած մյուս երկրներին՝ առանց կանոնավոր ֆինանսավորման ծրագրի պայմաններ պարտադրելու, ասել են անանուն աղբյուրները։ Միջոցառումների մասշտաբները դեռ պարզ չեն։

Աղբյուրները նշել են, որ ԱՄՀ-ի աշխատակիցների կողմից վերջին ամիսներին մշակված միջոցառմանն աջակցության օգտին պաշտոնական քվեարկությունը սպասվում է հոկտեմբերին հիմնադրամի ամենամյա հավաքներից առաջ։

Աղբյուրները հայտնում են, որ հաստատման դեպքում ֆոնլը ժամանակավորապես կավելացնի հասանելիության առկա սահմանաչափերը եւ թույլ կտա բոլոր անդամ երկրներին վարկ վերցնել ԱՄՀ-ի իրենց քվոտայի մինչեւ 50 տոկոսն ԱՄՀ-ի Արագ ֆինանսավորման եւ Արագ վարկավորման ծրագրի շրջանակներում, որը սպասարկում է ցածր եկամուտ ունեցող երկրները: «Հայեցակարգը պարզ է, բայց այն կարող է օգնել շատ երկրների»,- ասել է աղբյուրներից մեկը:

Հուլիսին ԱՄՀ-ն կանխատեսում էր, որ այս տարի գնաճը 6.6 տոկոսի կհասնի զարգացած տնտեսություններում եւ 9.5 տոկոսի՝ զարգացող տնտեսություններում, ինչն «ակնհայտ ռիսկ» է ներկայիս եւ ապագա մակրոտնտեսական կայունության համար:

ԱՄՀ-ի առաջարկը որոշակի սահմանափակ օգնություն է առաջարկում Ուկրաինային, սակայն պաշտոնյաներն ասում են, որ իրենց «լիարժեք» ֆինանսավորման փաթեթ է պետք:

Անցյալ շաբաթ ԱՄՀ-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ համաշխարհային վարկատուն «շարունակում է սերտորեն համագործակցել ուկրաինական իշխանությունների հետ եւ այժմ ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները՝ այս դժվարին պայմաններում Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու համար»: