Զապորոժիեի ԱԷԿ-ից զորքերը հեռացնելու մասին խոսք չկա, գլխավորը Ուկրաինային կայանի հրետակոծությունները, որոնք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ, դադարեցնել ստիպելն է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հիմա խոսքը զորքերը հեռացնելու մասին չէ։ Հիմա խոսքը գլխավորի մասին է։ Դա ուկրաինական կողմին կայանի տարածքում օբյեկտների բարբարոսական հրետակոծությունները դադարեցնել ստիպելն է, այդ հրետակոծությունները կարող են տխուր եւ աղետալի հետեւանքներ ունենալ։ Մենք նախկինի պես բոլոր երկրներին կոչ ենք անում օգտագործել իրենց ազդեցությունը, այն երկրներին, որոնք ունեն այդ ազդեցությունն ուկրաինական կողմի վրա, դադարեցնել այդ հրետակոծությունները, որոնք շարունակվում են ամեն օր»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը ԱԷՄԳ-ի խնդրանքով հեռացնել զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ից, եւ եթե այդպես է, ապա ինչ պայմաններով։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին, Էներգոդար քաղաքի կողքին։ Դա Եվրոպայում էներգաբլոկների թվով եւ սահմանված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է. կայանում վեց էներգաբլոկ կա՝ 1-ական գիգավատ հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների հսկողության տակ։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ այդ քայլն արդարացված է՝ խուսափելու համար միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահոսքից։