Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, NEWS.am-ին տեղեակցնում են կառավարությունից։
Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:
Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։





























