Հունաստանի ռազմաօդային ուժերը ստացել են F-16 արդիականացված ռազմական ինքնաթիռների առաջին զույգն իր գործող կործանիչների նավատորմի արդիականացման 1.5 միլիարդ դոլարի ծրագրի շրջանակներում՝ հարեւան Թուրքիայի հետ լարվածության աճի ֆոնին, հայտնում է AP-ն:
Աթենքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Տանագրա ավիաբազայում ցուցադրված երկու F-16-ներն առաջինն են 83 ինքնաթիռներից, որոնք մինչեւ 2027 թ. վերջը կվերազինվեն առաջադեմ էլեկտրոնիկայով, ռադարներով եւ սպառազինությամբ Հունաստանի օդատիեզերական արդյունաբերության կողմից՝ Lockheed Martin ամերիկյան արտադրողի հետ համագործակցությամբ:
Հունաստանի շտաբերի պետերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսն ասել է, որ ծրագրի հաջող եւ ժամանակին ավարտն «ազգային բարձրագույն կարեւորության հարց է»։ «Ցանկացած պոտենցիալ ագրեսոր ստիպված է լինելու երկու կամ երեք անգամ մտածել՝ նախքան իր բախտը փորձելը»,- ասել է նա շնորհանդեսի արարողության ժամանակ՝ հավելելով, որ նոր ինքնաթիռը կմեծացնի Հունաստանի ներկայությունը ՆԱՏՕ-ում:
Տարածաշրջանային պատմական հակառակորդ Թուրքիայի հետ հարաբերությունները նոր նվազագույն էին հասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կրկնվող, վատ քողարկված սպառնալիքներից հետո, որ իր երկիրը կարող է ներխուժել Արեւելյան Էգեյան ծովի հունական կղզիներ:
Թուրքիան պնդում է, որ կղզիներն ապօրինի ռազմականացվել էին։ Հունաստանը հայտարարում է, որ պետք է պաշտպանի նրանց հնարավոր հարձակումից: ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները նաեւ համաձայն չեն գազի եւ նավթի արդյունահանման իրավունքների հարցում, եւ նրանց կործանիչները կանոնավոր կերպով որսում են միմյանց կամ մասնակցում իմիտացիոն օդային մարտերին Էգեյան ծովի վրա։





























