Սեուլը զգուշացրել է Փհենյանին, որ միջուկային զենքի օգտագործումը նրան կդնի «ինքնաոչնչացման ճանապարհին»։ Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան ընդունել է նոր օրենք, որը նրան թույլ կտա իր միջուկային զենքն օգտագործել որպես կանխիչ միջոց, տեղեկացրել է Reuters-ը։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրենքը կխորացնի Հյուսիսային Կորեայի մեկուսացումը եւ Սեուլին ու Վաշինգտոնին կդրդի «էլ ավելի ամրացնել զսպման եւ արձագանքման իրենց հնարավորությունները»։

Նախարարությունը հայտարարել է, որ Հարավային Կորեան կուժեղացնի կանխիչ հարձակման սեփական հակաօդային պաշտպանության միջոցները, որպեսզի ստիպի Հյուսիսային Կորեային միջուկային զենք չօգտագործել։

«Մենք նախազգուշացնում ենք, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը կբախվի Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի պատասխանին, եթե Հյուսիսային Կորեան միջուկային զենք կիրառի, դա կնշանակի, որ ընթանում է ինքնաոչնչացման ճանապարհով»,- լրագրողներին ասել է նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Մուն Հոն Սիկը։

Անցած շաբաթ Հյուսիսային Կորեայի խորհրդարանն ընդունել էր օրենք միջուկային զինանոցի օգտագործման կանոնների մասին։ Օրենքը թույլ կտա Հյուսիսային Կորեային իր միջուկային զենքն օգտագործել, եթե երկրի ղեկավարությունը բախվի անխուսափելի հարձակման կամ եթե փորձի կանխել «աղետալի ճգնաժամն» ամբողջ ժողովրդի համար։