ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Չինաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի տարբերակները՝ Թայվան հնարավոր ներխուժումից Պեկինին հետ պահելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ սրան զուգահեռ թայվանցի դիվանագետները փորձում են նույնը ստիպել ԵՄ երկրներին։
Ինչպես նշվում է, ԱՄՆ-ում Չինաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկումը դեռ վաղ փուլում է, ինչպես նաեւ այս գաղափարի առաջմղումը Եվրամիությունում։ Reuters-ը նշում է, որ երկու դեպքում էլ գաղափարն է մեծացնել տնտեսական ճնշումը Պեկինի վրա, որն արդեն բախվում է առեւտուրն ու ներդրումները սահմանափակող Արեւմուտքի միջոցներին։
Միաժամանակ, ըստ գործակալության, դեռ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցների մասին կարող է խոսք լինել։ Սակայն Reuters-ն ընդգծում է, որ աշխարհի երկրորդ տնտեսության դեմ սահմանափակումներ մտցնելու հենց առաջարկը որոշակի հարցեր է առաջացնում, մասնավորապես, նման քայլի նպատակահարմարության մասին։





























